Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ: Ուշագրավ է, որ հաղորդագրության հայալեզու տարբերակն ավելի հակիրճ է եւ տարբերվում է ռուսալեզու տարբերակից։ Ստորեւ ներկայացնում ենք ռուսալեզու տարբերակի հայերեն թարգմանությունն ամբողջությամբ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություն՝ միաժամանակ հասցնելով զանգվածային հրթիռային, հրետանային եւ օդային հարվածներ։ Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողությունները ցույց են տալիս, որ խնդիր էր դրված Արցախը մասնատելու եւ անուղղելի վնաս հասցնելու նրա կենսունակությանը։ Երկօրյա համառ մարտերի ընթացքում Արցախի զինված ուժերի ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանվել են կենդանի ուժով եւ ռազմական տեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամու դեմ՝ նրան պատճառելով մեծ կորուստներ։ Ցավոք, Արցախի կողմից կան զոհեր ու վիրավորներ։ Որոշ շրջաններում հակառակորդին հաջողվել է ճեղքել ՊԲ մարտական դիրքերը եւ վերահսկողության տակ վերցնել մի շարք բարձունքներ եւ ռազմավարական նշանակության ճանապարհային հանգույցներ։ Ստեղծված իրավիճակում միջազգային հանրության գործողությունները պատերազմի դադարեցման եւ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ անբավարար են։ Այս ամենը հաշվի առնելով՝ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության հրադադարի առաջարկը։
1․ Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ 13։00-ից։
2․ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների եւ զինծառայողների դուրսբերման եւ «Լեռնային Ղարաբաղի» զինված կազմավորումների լուծարման ու «Պաշտպանության բանակի» ամբողջական զինաթափման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի եւ սպառազինության դուրսբերման մասին՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։
3․ Ադրբեջանական կողմի բարձրացրած՝ վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման հարցերը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության եւ Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին։