Սեպտեմբերի 19-ին ռուսական Meduza պարբերականի ձեռքի տակ է հայտնվել պետական լրատվամիջոցներին Կրեմլի ուղղորդմամբ ԼՂ-ում իրադարձությունները լուսաբանելու մեթոդական ձեռնարկը, որը ՌԴ նախագահի վարչակազմն ուղարկել է պետական եւ Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցների աշխատակիցներին։
Աղմկահարույց մեթոդական ձեռնարկում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման համար մեղադրել Հայաստանին եւ արեւմտյան երկրներին։ Ընդ որում՝ շեշտը պիտի դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», եւ որպես այս թեզի հաստատում՝ Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի հոկտեմբերին արած հայտարարությունները։
«Ամենայն հավանականությամբ, ՀՀ վարչապետին սույն հայտարարությունն անելուն դրդել են արեւմտյան «գործընկերները», որոնք նրա հետ պետք է հավասարապես կրեն հետեւանքների պատասխանատվությունը։ Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքնին արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, ազդանշան դարձավ Ադրբեջանի գործելու համար, եւ այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է որպես իր ներքին գործ»,- նշված է ձեռնարկում:
Ըստ Meduza–ի՝ Կրեմլը ռուս խաղաղապահների կարգավիճակը խորհուրդ է տալիս բնութագրել իբրեւ «դիտորդական», միեւնույն ժամանակ կառավարամետ լրատվամիջոցների ներկայացուիչցներին պետք է պատմել «քաղաքացիներին տարհանելու» հարցում խաղաղապահների օգնության մասին։ Ձեռնարկը կազմողները խորհուրդ են տալիս շեշտել նաեւ, որ մարդիկ «ապաստան» են գտնում ռուսական խաղաղապահ զորախմբի բազայի գտնվող ուղղափառ եկեղեցում։