Կային մարդիկ, որոնք ասում էին, թե առաջնահերթություն պետք է տալ Ղարաբաղի հարցի լուծմանը՝ առանց ձգձգումների, եւ փոխադարձ զիջումների հիման վրա:
Ասում էին, թե առանց այդ հարցի լուծման մնացյալ հարցերը լուծելն անկարելի է, որ այդ հարցի լուծման երկարաձգումը կվտանգի մեր անկախությունը, այսինքն՝ մեր հարցերը, ըստ մեր շահերի լուծման կարելիությունը։
Կային նաեւ մարդիկ, որոնք պնդում էին, թե Ղարաբաղի հարցի հրատապ լուծումն անհրաժեշտ չէ, թե կարող ենք այսպես երկար շարունակել, թե ժամանակը կօգտագործենք ուժեղ պետություն ստեղծելու եւ մեր առավելագույն պահանջները ստանալու համար, թե ժամանակ ունենք նախ մյուս հարցերը կարգավորելու:
Կային նույնիսկ մարդիկ, որոնք պնդում էին, թե հարցն արդեն լուծված է։ Կային մարդիկ, որոնք նշում էին, թե պատերազմներն անկանխատեսելի են, թե մեր զինվորների քաջությունն ու մեր բանակի հայրենասիրությունը բավական չեն հաղթանակ ապահովելու համար, նշում էին, թե «մշտական պատերազմը» որպես ընդունելի ապագա որդեգրելը վտանգավոր է։
Կային նաեւ մարդիկ, որոնց համար նման խնդիր չէր դրվել նույնիսկ, մարդիկ, որոնք ուրախացան, որ հուլիսին ետ մղեցինք թշնամուն, եւ մտածեցին, թե միշտ էլ այդպես պիտի լինի: Եվ վերջ։
Վերջին անգամ մի տասն օր առաջ էր, երբ Հայաստանի թավշյա հեղափոխության գնահատությանը նվիրված մի վեբինարի ավարտին պնդեցի, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման ձախողության են դատապարտված ժողովրդավարություն հաստատելու, իրավունքի երկիր ստեղծելու եւ հարաճուն տնտեսական զարգացում ապահովելու մեր բոլոր փորձերը։
Իսկ ո՞ւր ենք այսօր, 2020 թվականի սեպտեմբերի սկզբին։ Իմ կարծիքով, Ղարաբաղի հարցի լուծման մեջ մեր ներդրումը մեկ աստիճան, մի կարեւոր աստիճան եւս նվազեց վերջին զարգացումների պատճառով։
Ի՞նչ տեղի ունեցավ, որն արդարացնում է նման հայտարարությունը։ Մի քանի բան.
ա) Ադրբեջանը չհաջողեց ռազմադաշտում հաջողություն ձեռք գցել հուլիսին, սակայն այդ պարտությունը վերածեց ամենամեծ դիվանագիտական հաջողության՝ Թուրքիային վերջնականապես համոզելով, որ դա նաեւ Թուրքիայի պարտությունն է, որպեսզի Թուրքիային լիովին ներգրավի խնդրի մեջ։
բ) Անցյալ ամիս Հայաստանը Սեւրի դաշնագիրը դարձրեց պետության արտաքին քաղաքականության մեկ կարեւոր մասը. Թուրքիայի ընկալմամբ՝ ամենակարեւոր մասը։ Չգիտեմ՝ մեր ղեկավարները դա գիտակցաբար արեցին, թե ոչ. այդ իմաստով նախագահի եւ վարչապետի հայտարարությունները՝ Թուրքիայի դեմ, առնվազն համարժեք են դիվանագիտական պատերազմի հայտարարության։ Այն էլ՝ այսօրվա Էրդողանի նման վտանգավոր ղեկավար ունեցող Թուրքիայի դեմ։
Սեւրի դաշնագրի՝ որպես պետական քաղաքականություն որդեգրմամբ, Հայաստանը հողերի պահանջը դարձրեց օրակարգի հարց։ Սա թերեւս վերջին քայլն էր, որը մեր հակառակորդների եւ միջազգային հանրության աչքին Ղարաբաղի հարցին տալիս է տարածքային ընդարձակման հիմնավորում՝ մի կողմ նետելով Ղարաբաղի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես հիմք մեր մոտեցման։ Իսկ պահանջատիրական այդ մոտեցումը մեծ չափով հենվում է այդ նույն միջազգային հանրության համակրանքի վրա՝ հայդատականների պահանջներին գոհացում տալու համար։
Այն, ինչ որոշ հայերի համար «հայկական հարցի լուծում» է, այդ նույն հանրության համար առնվազն անհեթեթություն է: Բավական չէ՞ մեր ներքին շուկայի համար ասվածով եւ արվածով վնաս պատճառենք մեր առջեւ ծառացած իսկական խնդիրների լուծմանը:
գ) Դրան հաջորդեց Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե՝ Թուրքիան ինքն իրեն տեսնում է որպես հայ-ադրբեջանական հակամարտության կողմ։ Այսինքն, (ա) այժմ արդեն պաշտոնապես այդ խնդրի երկու կողմերն են Հայաստանը եւ Արցախը՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի, (բ) Թուրքիան հռչակում է, որ պատրաստ է ավելի լայն օժանդակություն ցուցաբերելու Ադրբեջանին, թեեւ հստակ չէ, թե ինչ ձեւ պիտի ստանա օժանդակության այդ ընդլայնումը։
Անհրաժեշտ է, սակայն, նկատի ունենալ, որ այս հայտարարությունն արել է Թուրքիայի պաշտպանության նախարարը եւ ո՛չ արտգործնախարարը կամ որեւէ այլ պաշտոնյա։ Եվ սա միայն սկիզբն է։
Ի՞նչ պիտի անեն Հայաստանն ու Արցախը այս կարելիության դեմ։ Մարդիկ, նույնիսկ արդեն պետության ղեկավարներ կարող են աղաղակել, որ սա ցույց է տալիս, թե որքան վատն է Թուրքիան, ու որքան վատն են թուրքերը։ Սակայն այդ ամենը ստեղծված նոր իրականությունը չի փոխելու։ Բացի այդ, նույն այդ մարդիկ մոռանում են, որ իրե՛նք էին, որ գոռում էին, թե Թուրքիան հակամարտության կողմ է եւ պետք է դուրս գա Մինսկի խմբից, որովհետեւ Թուրքիան անվերապահ աջակցում է Ադրբեջանին։
Համենայնդեպս, ինչ էլ գոռանք, ինչ ածականներ էլ գործածենք Թուրքիայի, Էրդողանի եւ ընդհանրապես թուրքերի հասցեին, փաստը մնում է փաստ, որ այժմ ստիպված ենք պատկերացնել, բացի Ադրբեջանից, Թուրքիայի հետ դեմ հանդիման լինելու կարելիությունը։
Անշուշտ, կարելի է առարկել, թե Թուրքիան պարզապես սպառնում է, բայց չի համարձակվի Հայաստանի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկել, որովհետեւ կա Ռուսաստանի հետ համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագիրը։ Սակայն այդ մարդիկ մոռանում են, որ այդ պայմանագիրը կամ նման տեսակի որեւէ պայմանագիր համանման պարագաների դեպքում սկզբում նախատեսում է խորհրդակցություններ։ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ որեւէ հարձակման պարագայում Ռուսաստանն ինքնաբերաբար չի մտնելու Թուրքիայի դեմ պատերազմի մեջ։
Շատ հավանական է, որ այս ընթացքում, Թուրքիայի ներկայացրած վտանգը փարատելու համար, մի հարմար առիթով Ռուսաստանը հայկական կողմից պահանջի զիջումներ, որպիսիք Մոսկվան Երեւանից ակնկալում է երկար ժամանակ ի վեր։ Հարց է, թե (ա) այդ զիջումներն ի՞նչ չափով պիտի համապատասխանեն մեր՝ նույնիսկ նվազագույն շահերին, որոնք ոչ մի կապ չպիտի ունենան մեր առավելապաշտ պահանջների հետ։ Եվ (բ) արդյոք Մոսկվայի այդ պահանջներին կարո՞ղ է դիմադրել Հայաստանը։
Ճիշտ է, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պաշտպանությունը բխում է նաեւ Ռուսաստանի շահերից։ Սա չի նշանակում, սակայն, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, դրա դիմաց պահանջներ չդնի մեր առջեւ, ինչպես արել է ի սկզբանե։
Մոռացել ենք արդեն, թե ինչպես կորցրինք Առաջին Հանրապետությունը։ Կար ռուս-թուրքական գործակցությունը։ Կար նաեւ Սեւրի դաշնագրի հետապնդման հարցը։ Այն ժամանակ նույնպես փոխանակ ապահովելու այն, ինչ կարելի էր, սեւեռվեցինք երազայինի վրա ու կորցրինք հնարավորի մեկ մասն էլ։ Ավելին. կորցրինք անկախությունը։
Այլ խոսքով՝ այդ բոլորը կանխատեսելի եւ կանխատեսված էին։ Կարո՞ղ է պատահել, որ նման կարելիության մասին չէին մտածել այն մարդիկ, որոնք ավելի քան երկու տասնամյակ է արդեն՝ ոչ մի պատճառ չեն տեսել լուծումը արագացնելու։ Եթե չեն մտածել, ուրեմն այս խնդրին իսկապես ծանոթ չեն կամ լրջորեն չեն վերաբերվել առկա եւ հնարավոր բոլոր գործոններին։ Իսկ եթե մտածել են լրջորեն ու տակավին համապատասխան քաղաքականություն չեն մշակել, շատ ավելի լուրջ ամբաստանության են ենթակա։
Առայժմ այդ կապակցությամբ մանրամասնությունների մեջ չպիտի մտնեմ։
Միայն ավելացնեմ, որ մինչեւ այսօր բանակցությունների ձախողման պատասխանատվությունը Ադրբեջանին եւ Թուրքիային վերագրելը ուրացումն է մեր կողմից գործված սխալների, որոնց այժմ ավելացրինք Սեւրի դաշնագրի որդեգրումը՝ որպես հիմք մեր հարեւանների հետ հարաբերությունների։
Ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կարգավորելու համար մենք ամեն ինչ չէ, որ արել ենք։ Մեզանում զարգացող ու արդեն պետական կնիք ստացած «հայդատականությունն» ու պահանջատիրությունը, կարծեք, երաշխավորում են, որ այդ սխալների շարքը պիտի երկարացնենք ու լրջորեն չմտածենք, թե իսկապես ի՞նչ է պետք ասել ու անել, եւ ի՞նչ չպետք է ասել ու անել մեր ժողովրդին եւ մեր պետականությունը պահպանելու համար։
Ինչպես իմ նախկին վերլուծությունների պարագայում, այս անգամ էլ հուսով եմ, որ սխալվում եմ։ Սակայն որքան ժամանակն անցնում է, այնքան համոզվում եմ, որ այս սցենարը, որի մասին մի քանի անգամ գրել ու խոսել եմ անցյալ տասնամյակների ընթացքում, արդեն ավելի հստակ ուրվագծվում է այսօր։
Հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում