Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված փորձաքննությունների արդյունքներից։
Կիրակոսյանը նշել է, որ հարուցված քրեական գործի շրջանակում բոլոր գերիների մասով դատաբժշկական փորձաքննություններ են կատարվել։ Ադրբեջանից Հայաստան վերադարձված գերիները գերության ընթացքում ենթարկվել են բռնության, կտտանքների, խոշտանգումների։
«Ցավալի է, բայց կան եւ՛ կտտանքի, եւ՛ ծեծի դեպքեր։ Ակնհայտ է, որ դրանք դիտավորյալ կատարված արարքներ են»,- ընդգծել է Կիրակոսյանը։
Գանգատի կարեւոր հատվածներից մեկը, ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի, առնչվում է գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությանը։
Բոլոր ապացույցները միջպետական գանգատի շրջանակում ներկայացվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։