Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրելու հայ գերիների վերաբերյալ տեղեկությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը:
ԵՄ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրամիությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որը հաջորդել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջեւ հրադադարի համաձայնությանը։ Դրական են գնահատվում նաեւ զոհվածների աճյունների վերադարձի իրականացումը եւ մարդասիրական աջակցության տրամադրումը բնակչության այն հատվածին, որը խիստ տուժել է հակամարտության հետեւանքով:
«Եվրամիությունը վերահաստատում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջեւ վստահության կառուցման եւ կայուն խաղաղության հարցում առաջընթաց գրանցելու համար: Սա նշանակում է, որ պետք է զերծ մնալ թշնամական ու վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց, անկախ նրանց ձերբակալման պայմաններից, վերադարձի գործընթացը, ինչպես նաեւ համագործակցել այլ կարեւոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ:
ԵՄ-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Նախարարների խորհրդին ուղղված վերջին ծանուցմանը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական հակամարտությանն առնչվող միջանկյալ միջոցառումների վերաբերյալ։
Այս համատեքստում, հետեւելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ նախարարների խորհրդին վերջերս ուղղված Դատարանի 39-րդ կանոնակարգի դրույթով սահմանված միջանկյալ միջոցառումների վերաբերյալ ծանուցմանը՝ Եվրամիությունը շեշտել է, թե Դատական գործերին վերաբերող օրենսդրությունը հստակ սահմանում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Մասնակից պետությունները պարտավոր են ենթարկվել միջանկյալ միջոցառումների որոշմանը:
Ըստ այդմ, Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է արել տրամադրելու դատարանի կողմից պահանջվող կարեւոր տեղեկատվությունը:
Հայտարարությունը ստորագրել են Ալբանիան, Անդորրան, Հայաստանը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետությունը, Նորվեգիան եւ Սան Մարինոն: