Արցախում ծավալված ողբերգական իրադարձությունների խորապատկերում եւ դրանից էլ առաջ, մասնավորապես՝ Երեւանի ավագանու նախընտրական փուլում, անընդհատ խոսվում էր դրսից Հայաստանի իշխանությունը փոխելու սպառնալիքի մասին։
Մի բան, որն առանց այդ էլ տկարացած ու խեղճացած Հայաստանը կտանի նորանոր ցնցումների։
ՔՊ-ական շարքայիններն ու բարձրաստիճանները ձեն ձենի տված տաք են պահում այդ թեման, թե իբր Փաշինյանի իշխանության դեմ ուղղված ամենայն ինչ հարված է Հայաստանի սրտին։
Ասել, թե հարված չի նախապատրաստվում, սուտ կլինի։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի վերջին գրառումն այդ նախապատրաստության ազդանշանն էր։
Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 21-ի նիստում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի մտահոգությունը («որեւէ երկիր Հայաստանի ներկայիս իրավիճակը չպետք է օգտագործի Հայաստանի ժողովրդավարությունը ապակայունացնելու նպատակով») դրա ապացույցն է։
Բայց արդյո՞ք ծրագրվածը կանխելու կամ կասեցնելու լավագույն ձեւը Փաշինյանի ապիկար իշխանությունը հանդուրժելն է։ Սա հարց է, որի մասին պետք է մտածի ոչ թե ընդդիմությունը, այլ հե՛նց իշխանությունն ինքը։
Այսինքն՝ եթե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցավում է [օրինակ] երկրի, անկախության, ինքնիշխանության համար, պետք է ընտրություն կատարի Հայաստանի եւ իր առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի միջեւ։
Հապաղելը վտանգավոր է։ Մենք տեսանք, թե ինչ եղավ Արցախում տեղի իշխանությունների, մասնավորապես՝ Ազգային ժողովի, անխոհեմության եւ անվճռականության հետեւանքով։
Ոչ մի ապստամբություն, ոչ մի բռնություն չպետք է թույլ տալ։ Այդ դեպքում հարազատ ցասման մեջ կտարրալուծվի օտար իղձը։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը պետք է սկսի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց, հրաժարական պետք է տա նաեւ նախագահը, սակայն Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ նոր ընտրություններ անցկացնելու շռայլություն։
Ներկա գործող Ազգային ժողովը պետք է կազմավորի ժամանակավոր կամ անցումային կառավարություն։ Դրան ինքնառաջադրմամբ մաս կկազմեն կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ռազմաքաղաքական միավորումների հետ երբեւէ առնչություն չունեցած ՀՀ քաղաքացիներ եւ սփյուռքահայեր, որոնք ունեն տպավորիչ կենսագրություն , ծրագրեր (ըստ ոլորտների) ու պատրաստ են խնդիրները հասկանալու եւ լուծելու։
Ասածս գուցե անհնարին թվա, բայց արդի դարաշրջանում եւ հատկապես արհեստական բանականության առկայության պայմաններում նման մեխանիզմ գործարկելը, կարծում եմ, դժվար չէ ու շատ ժամանակ չի պահանջի։
«ՔՊ»-ն եւ Ազգային ժողովում ներկայացված մյուս ուժերը ինքնառաջադրվածներից կընտրեն վարչապետ եւ նոր նախագահ։ Վարչապետը կլինի տնտեսության պատասխանատուն։ Իսկ նախագահին կփոխանցվեն կարեւոր մի քանի ուղղություններ կառավարելու լիազորություններ, մասնավորապես՝ արտաքին քաղաքականություն, անվտանգություն եւ պաշտպանություն։
Անհավանական այս «restart»-ը կխափանի դավադիրների, Հայաստանի ու հայ ժողովրդի կործանումը տենչացողների բոլոր ծրագրերն ու կվերահաստատի երկրի ինքնիշխանությունը, ցույց կտա, որ հայ ժողովուրդը «Փաշինյան-նախկին իշխանություններ» ծուղակից դուրս գալու կամք ունի։
Աշխարհը պետք է տեսնի, որ Հայաստանն ունակ է ինքնակազմակերպման, ընդունակ է խնդիրները դասդասելու եւ համակարգային լուծումներ գտնելու։
Նիկոլ Փաշինյանի իշխանության վեց տարիները մեզ միայն աղետ ու ավեր են բերել։ Չպետք է խաբվել սուբսիդավորված ճանապարհների, դպրոցների, հիվանդանոցների առատությամբ։ Չպետք է խաբվել նաեւ «վարչապետ ջան, արի մի հատ կոֆե հույրասիրեմ» տիպի քարոզչական հնարքներով։
Փաշինյանը չի կարողանալու կառավարել, եւ աղետն ու ավերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ նա իշխանության է։
Համացանցում բազմաթիվ ֆիլմեր կան Երրորդ ռեյխի վերջին ամիսների մասին։ Այն ժամանակ էլ կային մարդիկ, որոնք «restart» էին առաջարկում, բայց Հիտլերը գերադասեց կործանել Գերմանիան։ Դիտեք այդ ֆիլմերն ու համեմատություններ արեք։
Պետք է գործել հնարավորինս արագ, քանի դեռ մեր գլխավերեւում չեն ծածանվում օտար դրոշներ։ «Փառքով ու պատվով» ճանապարհ դրեք ձեր առաջնորդին։ Քայլ անելու ժամանակն է։
Հ.Գ. Ինչպես շատ ու շատ խելամիտ առաջարկներ, սա էլ, վստահ եմ, արձագանք չի ունենալու, բայց որոշեցի գրել եւ դնել այստեղ, թող մնա։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։