ԼՂ վերջին իրադարձությունների նկատմամբ տոտալ անտարբերության պայմաններում, այդուամենայնիվ, արտասահմանյան որոշ հեղինակավոր պարբերականներ ոչ միայն սոսկ անդրադարձան այդ ցավոտ թեմային, այլեւ բավական խոր վերլուծություններ արեցին՝ հընթացս պատռելով ադրբեջանական իշխանությունների, նրանց հովանավոր երկրների ու կառույցների եւ այդ ամբողջ մղձավանջին անտարբեր հետեւող միջազգային հանրության դիմակը:
The New York Times — Անկլավի վերադարձն Ադրբեջանի կառավարմանը, ամենայն հավանականությամբ, կփոխի ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում. մի տարածաշրջան, որը դարեր շարունակ եղել է Ռուսաստանի, Թուրքիայի եւ արեւմտյան երկրների աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում: Հայ «անջատողականների» կապիտուլյացիան կարող է հանգեցնել Կովկասում ռուսական ազդեցության նվազմանը, որտեղ Մոսկվայի՝ միջնորդ դատավորի դերը Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունում նրան դարձրել է կարեւոր ուժ:
Սա նաեւ սպառնում է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, որի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի սերտ կապեր հաստատել Արեւմուտքի հետ ՝ չնայած Ռուսաստանի հետ ռազմական դաշինքին: Սակայն ընդհանուր հետեւանքներից բացի՝ կապիտուլյացիան շատ ավելի կոնկրետ հետեւանքներ կունենա այս տարածաշրջանում բնակվող տասնյակ հազարավոր հայերի կյանքի համար: Նրանցից շատերը կտրականապես դեմ են ադրբեջանական կառավարմանը, ինչը, ինչպես իրենք են նշում, կարող է բռնաճնշումների հանգեցնել Բաքվի դեմ պայքարածների նկատմամբ:
Redaktionsnetzwerk Deutschland (Հաննովեր, Գերմանիա) — Կովկասյան hանրապետություն Ադրբեջանն ունի բնական գազի եւ նավթի մեծ պաշարներ, պարբերաբար կազմակերպում է երաժշտական եւ սպորտային միջոցառումներ եւ պատերազմ է մղում հարեւան փոքր ազգի դեմ: Արդյո՞ք Արեւմուտքը պետք է դադարեցնի բիզնեսը Բաքվի հետ:
Հետագայում Ադրբեջան պետության անունը, ըստ ամենայնի, նույնպես կապվելու է պատերազմի հետ. պատերազմ մոտ 120 հազար հայ տղամարդկանց, կանանց եւ երեխաների դեմ, որոնք Բաքվի կազմակերպած շրջափակման պատճառով գրեթե մեկ տարի կտրված էին արտաքին աշխարհից։
Հակամարտությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում Ադրբեջանի դերի վերաբերյալ, մի երկիր, որի հետ ԵՄ-ն 2021-ի մարտից կապված է «համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին» համաձայնագրով։ Բայց նաեւ Բաքվի կառավարչի «համապարփակ եւ ընդլայնված» գործընկեր Արեւմուտքի դերի մասին։ Եվ Ռուսաստանի դերի մասին, որը 2020 թվականին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին պատերազմից հետո պարտված Հայաստանին անվտանգության երաշխիքներ տվեց։ Էլ չենք խոսում Թուրքիայի մասին, որն այժմ մեծ ազդեցություն ունի Ալիեւի վրա։