Աշխատանքներ են տարվում ծանր վնասվածք ստացած 30 անձանց հնարավորինս արագ Արցախից Հայաստան տեղափոխելու։ Արցախի հանրային հեռուստատեսության եթերում այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադեւոսյանը։ Նա հավելել է, որ համատեղ աշխատում են ՀՀ առողջապահության նախարարության հետ:
«ԿԽՄԿ-ն համաձայնել է այդ տեղափոխումը կազմակերպել։ Ուզում եմ ասել, որ ունենում ենք դեպքեր, երբ ուշացման կամ ծանր վիրավորման պատճառով մարդիկ մահանում են»,- ընդգծել է նախարարը։ Թադեւոսյանը նշել է, որ ամեն րոպե իրավիճակը փոխվում է, եւ բնականաբար, փոխվում է նաեւ վիճակագրությունը։
Նա ասել է, որ ներկա պահին Մարտունիից վիրավորներին են բերել Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, որտեղ կշարունակեն նրանց բուժումը։ Նախարարը հույս ունի, որ գոնե սեպտեմբերի 23-ին ԿԽՄԿ-ի օգնությամբ կկարողանան ծանր վնասվածքներ ստացածներին, ինչպես նաեւ մահացածների աճյունները Մարտակերտից տեղափոխել։