CNBC-ն հայտնել է, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսին եւ նրա կնոջը՝ Նադին Արսլանյանին, Նյու Յորքում մեղադրանք է առաջադրվել տարիներ տեւած կաշառակերության սխեմայով համագործակցելու համար:
Մենենդեսը, որը նախաձեռնել է ԱՄՆ Կոնգրեսում վերջերս տեղի ունեցած հակաադրբեջանական լսումները, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու եւ Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու օրինագծի հեղինակն է։ Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի դատախազ Դամիան Ուիլյամսը եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի Նյու Յորքի դաշտային գրասենյակի տնօրենի օգնական Ջեյմս Սմիթը հայտարարել են, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան մեղադրական եզրակացություն է կազմվել։
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Մենենդեսն ու նրա կինը հարյուրհազարավոր դոլարներ կանխիկ գումարով, ինչպես նաեւ ոսկու ձուլակտորներով եւ թանկարժեք ավտոմեքենայով կաշառք են ստացել: Ըստ տվյալների՝ Ռոբերտ Մենենդեսն, իբր, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը Նյու Ջերսի երեք գործարարների՝ Վաել Հանային, Խոսե Ուրիբեին, Ֆրեդ Դայբեսին, ինչպես նաեւ Եգիպտոսի կառավարությանը հովանավորելու համար: Նա փորձել է նաեւ ճնշում գործադրել ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի վրա՝ հօգուտ Եգիպտոսի շահերի:
Ակնկալվում է, որ մեղադրյալները սեպտեմբերի 27-ին կներկայանան Մանհեթենի դաշնային դատարան: Գործը հանձնարարված է ԱՄՆ-ի շրջանային դատավոր Սիդնի Հ. Սթայնին:
Մենենդեսի գործին սոցիալական ցանցի իր գրառման մեջ անդրադարձել է նաեւ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիմքեթ Հաջիեւը: «Մի՛ դատիր, որ չդատվես»,- գրել է Հաջիեւը եւ հավելել, որ տեսնելով Մենենդեսի անպատժելիությունը՝ հակառակ բոլոր կոռուպցիոն մեղադրանքների, գրեթե կորցրել էր հավատը երկրային դատաստանի հանդեպ եւ ապավինել էր միայն երկնային արդարությանը: «Հրաշքներ այնուամենայնիվ տեղի են ունենում»,- եզրափակել է Հաջիեւը: