Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ նկատվել են ապատեղեկատվության տարածման եւ տվյալների կորզման փորձեր, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։
Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոնները, իսկ համակարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոն։