ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները այլեւս կարիք չեն ունենա ՊՇՌ թեստ հանձնելու Հայաստանից մեկնելու կամ Հայաստան ժամանելու համար:
Նա նշել է, որ հաջորդ շաբաթ կարանտինի որոշման մեջ է փոփոխություն լինելու՝ ընդգծելով, որ պատվաստումները կարեւոր քայլ են սահմանափակումներից ձերբազատվելու եւ բնականոն կյանք վերադառնալու համար:
«Պատվաստանյութերն անհրաժեշտություն են եւ ոչ թե ընտրության կամ շքեղության միջոց։ Մեր բժիշկների աշխատանքն ու նվիրվածությունը գնահատելով` պիտի խնդրեմ, որ նրանց էլ այս շատ բարդ իրավիճակից ազատենք: Իսկապես, նրանք հոգնել են: Մարդիկ արդեն տարուց ավելի է՝ օր ու գիշեր պայքար են մղում մարդկանց կյանքերը փրկելու համար»,- ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ բոլոր երկրների առաջին դեմքերն էլ սեփական օրինակով ցույց են տալիս, թե ինչքան կարեւոր է օր առաջ պատվաստվելը։
Նախարարը հաստատել է, որ մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը Չինաստանից որպես նվիրատվություն կստանա Cinovac ընկերության CoronaVac պատվաստանյութի 100000 դեղաչափ՝ նախատեսված 50000 մարդու համար:
Որոշ տվյալներով` չինական պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 50-60 %-ի։ ԱՆ նախարարը շեշտել է, որ արդյունավետությունը վերաբերում է հիվանդության ասիմպտոմ դեպքերին: Իսկ ընդհանրապես, բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով պաշտպանում են հիվանդության ծանր եւ ծայրահեղ ծանր ընթացքից:
Կառավարության նիստում էլ վարչապետի ժ/պ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ՌԴ-ից ձեռք է բերելու «Սպուտնիկ V»-ի 1 մլն չափաքանակ:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ 18-ից բարձր բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ դիմելով տեղամասային պոլիկլինիկա կամ նախապես գրանցվելով ցանկացած կլինիկայում: Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը եւս հասանելի կլինի 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար: