2020-ի սեպտեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում են ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչի՞ց են խոսում: Բնականաբար՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի եւ Արցախի շուրջ ծավալվող գործընթացների մասին:
Պարգեւավճարներ ապագա հաղթանակների բյուջեից
Նույն օրը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները Անկախության տոնի առթիվ պաշտոնյայի ամսական դրույքի 75%-ի չափով պարգեւավճարներ են ստանում: Արարատ Միրզոյանի զուտ պարգեւավճարը 892 հազար 890 դրամ է: ԱԺ փոխնախագահների զուտ պարգեւավճարի չափը 694,470 դրամ է:
Վերջին ժպիտ
Առավոտյան իշխանական armtimes.com կայքը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից հրապարակում է ՊԲ զինվորների տեսաուղերձը՝ գրելով, որ «հուսով են՝ նրանց լուսավոր ժպիտները կփարատեն մայրական մտահոգություններն ու անհանգստությունները, կմեղմեն կարոտը»:
Հավատարմություն ամբողջ թափով
Երեկոյան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունում է Միլի Մեջլիսի (խորհրդարան) մի քանի պատգամավորի՝ խոսնակ Սահիբա Գաֆարովայի ղեկավարությամբ: Նրանք խոսում են տարածաշրջանային անվտանգության խնդիրներից եւ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներից:
Միջանկյալ տարընկալում
Մի փոքր ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնում է այդ հանդիպման ժամանակ Լավրովին վերագրվող խոսքերին, ըստ որոնց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը բնութագրվում է որպես «կարգավորման շուրջ բանակցային գործընթացին խոչընդոտող»: Զախարովան այդ առիթով բառացիորեն ասում է. «Նույնիսկ չեմ անդրադառնա դրան»:
Հուլիսյան կրքեր
Այս օրը ՄԱԿ-ում հեռավար ելույթ ունենալու հերթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանինն է, որը միանգամից Հայաստանին անվանում է Հարավային Կովկասում «խաղաղության ու կայունության հիմնական խոչընդոտ», քանի որ հուլիսին հայկական բանակը հարձակվել էր Ադրբեջանի վրա: Նույն ելույթում Էրդողանն ասում է, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության լուծման կողմնակից է:
Ընդդեմ ձեռնածության
Նույն օրը Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում գրություն է հայտնվում. «Հայաստանը խաղում է կրակի հետ»: Գրության պատճառը Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն է, ըստ որի՝ Տավուշի սահմանին հայերը սպանել են ադրբեջանցի զինվորի: Հայաստանի ՊՆ-ն հերքում է այդ տեղեկությունը: