Եվրամիությունն այժմ իր միջնորդական ծառայություններն է պարտադրում Ադրբեջանին եւ Հայաստանին՝ ԱՄՆ-ի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկասի տարածաշրջան։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ նման միտք է արտահայտել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Բրյուսելն իր միջնորդական ծառայություններն է պարտադրում Հայաստանին եւ Ադրբեջանին եւ Վաշինգտոնի հետ ապակայունացնում իրավիճակը Հարավային Կովկասում: Փաստ է, որ Հայաստանում, ինչպես եւ առհասարակ նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում, կա հզորագույն լոբբի՝ ի դեմս ստեղծված արեւմտյան շատ հիմնադրամների, ոչ կառավարական կազմակերպությունների մի շերտի, որոնք առաջ են տանում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շահերը: Իսկ այդ շահերի էությունը Ռուսաստանի ազդեցությունը խարխլելն է»,- ընդգծել է Լավրովը։
«Դրան վերաբերվում ենք որպես արհեստականորեն սրվող կրքերի։ Գիտենք՝ ով է շահագրգռված դրանում, եւ ով է ղեկավարում այն: Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար ինքն է յուղ լցնում կրակի վրա»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:
ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հավելել է՝ այժմ, երբ Երեւանի եւ Բաքվի ղեկավարները միմյանց միջեւ կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, դրա կարգավորման, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորակազմն ամեն կերպ կնպաստի դրան։
«Խորապես համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը եւ իր պատմությունը կապում է Ռուսաստանի եւ այլ բարեկամ երկրների, առաջին հերթին այդ տարածաշրջանի երկրների հետ, այլ ոչ թե նրանց, որոնք օվկիանոսի այն կողմից են գալիս»: