Իրանում հերթական սկանդալն է ծավալվում արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի անվան շուրջ։ Մարդու, ում պարբերաբար հերոսացնում են ու սպառնում դժոխքի բաժին դարձնել, պղնձաձույլ արձան ձոնում Միջուկային համաձայնագրից հետո, դավաճանի պիտակ փակցնում նույն պայմանագրի ձախողման պատճառով, ոգեւորվում բանակցողի նրա հմտությամբ Արեւելքի երկրների հետ քննարկումներից առաջ, անիծում Չինաստանին «հողերը ծախելու համար» ու նորից հույսեր կապում հետը Միջուկային պայմանագրի հնարավոր վերագործարկման առիթով։
Արտասահմանյան լրատվական ալիքներից մեկի կայքում հայտնվել է նախարարի՝ երեք ժամանոց մի հարցազրույց, որի ընթացքում հնչեցված մտքերին բուռն արձագանքել են թե՛ Իրանում, թե՛ Իրանից դուրս։
Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ հարցազրույցում արտահայտած ու քննարկման առարկա դարձած հիմնական մտքերն են.
— արտաքին քաղաքականության հարցեր լուծելիս ինքը չափազանց սահմանափակված է եղել իր քայլերում,
-դիվանագիտությունը միշտ ծառայել է ռազմադաշտին, իսկ հակառակը երբեք տեղի չի ունեցել․ նախարարը միշտ ընդառաջ է գնացել զինվորականների պահանջներին, իսկ նրանց իր հորդորներն անարձագանք են մնացել,
-Իսլամական հեղափոխության կորպուսի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար, անցյալ տարի ԱՄՆ-ի կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանին փաստացի որոշումներ կայացնելու իրավասություն է ունեցել նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում,
-գեներալ Սոլեյմանին Ռուսաստանի աջակցությամբ փորձել է տապալել Միջուկային համաձայնագիրը (2015-ին Միջուկային համաձայնագիրը կնքելուց անմիջապես հետո Սոլեյմանիի՝ Մոսկվա գնալու եւ Պուտինի հետ հանդիպման փաստերի վկայակոչմամբ)։
Այն, որ Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների որոշման հարցում Իրանի արտաքին գործերի նախարարությունը որոշում կայացնողներից մեկն է միայն, եւ հաճախ այլ պաշտոնյաներ ու գերատեսչություններ ու հատկապես երկրի Հոգեւոր առաջնորդն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) շատ ավելի կարեւոր դերակատարում ունեն այդ ոլորտում, գաղտնիք չէ ու չի եղել ոչ մեկի համար՝ ո՛չ Իրանում, ո՛չ էլ նրա սահմաններից դուրս։
Ի՞նչն էր, ուրեմն, այս հարցազրույցը տարածելու դրդապատճառն ու դրա՝ սկանդալային լինելը։ Այս հարցին պատասխանելու համար պիտի ուշադրություն դարձնենք ժամանակահատվածին, թե երբ է այն հրապարակվում.
-ընթացքի մեջ են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները, որոնց դրական տեղաշարժի մասին արձագանքներ կան,
-Իրանում նախապատրաստվում են հունիսին անցկացվելիք հերթական նախագահական ընտրություններին, որի թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 11-ին։
Ընտրություններից առաջ իսլամական պետության վարչակազմը ընտրությունների մասնակցության բարձր ցուցանիշ ապահովելու, իսկ բարեփոխիչները հնարավորինս ուժեղ թեկնածուով ներկայանալու խնդիր ունեն։
Այս երկու իրադարձությունների համատեքստում էլ Զարիֆը առանցքային կերպար է. առաջինում՝ որպես Միջուկային համաձայնագրի կնքահայր ու գլխավոր բանակցող, երկրորդում՝ նախագահական ընտրություններին որպես բարեփոխիչների հավանական թեկնածու։ Ուրեմն, Զարիֆի կերպարի շուրջ հենց այս ժամանակաշրջանում աղմուկը չափազանց կարեւոր հանգամանք է ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքական իմաստներով։
«Բայց ո՞ւմ է ձեռնտու այս աղմուկը՝ պահպանողականների՞ն, թե՞ բարեփոխիչներին» հարցին պատասխանելու համար պիտի փորձենք հասկանալ՝ աղմուկն ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական հետեւանքներ է ունենալու նախարարի կերպարի համար։
Այս խնդրի վերաբերյալ փորձագիտական հանրույթի տեսակետները բաժանվում են, եւ իսկապես, հաշվի առնելով այն հակասական ընկալումը, որ ունի Մոհամմադ Ջավադ Զարիֆը, չափազանց դժվար է ասել, թե այս աղմուկն իրականում կօգնի՞, թե՞ կխանգարի նրան առաջադրվելու ու անգամ հաղթելու առաջիկա մրցապայքարում։ Իսկ կերպարի հակասականության հարցը ծագում է, քանի որ՝
-պահպանողականներից տարբեր ու բանակցությունների կողմնակից իր տեսակետներով, խարիզմատիկ ու ժպտադեմ կերպարով հաճախ ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ հատկապես նրանից դուրս Զարիֆը ընկալվել է որպես Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը խաղաղարարության քողի տակ ներկայացնող ու այդ քաղաքականությունն արդարացնող գործիչ,
-եթե իր եւ ԻՀՊԿ-ի ու նաեւ եւ հատկապես Հոգեւոր առաջնորդի միջև հակասություններն, իսկապես, այնքան էական լինեին, որքան փորձ է արվում ներկայացնելու ամենատարբեր միջոցներով՝ պառլամենտում քննադատություն, ԻՀՊԿ-ի կողմից ֆինանսավորվող եւ պետական հեռուստաընկերությամբ ցուցադրվող հեռուստասերիալի միջոցով պիտակավորում, դավաճանական քայլերի համար մեղադրանք, պահպանողականների վերահսկողության տակ գտնվող թերթերում ու կայքերում բազմաթիվ քննադատական հոդվածներ, ապա այս ուժերն ունեն նաեւ լծակներ՝ պարտադրելու նրա պաշտոնանկությունը, ինչը, սակայն, չեն արել, թեեւ միշտ սպառնացել են։
Իրական են արդյոք այս հակասությունները, թե ամեն դեպքում բեմադրված կամ առնվազն չափազանցված՝ պարզ կդառնա առաջիկայում, երբ հստակեցվի՝ արդյոք մասնակցելո՞ւ է նա ընտրություններին, թե՞ ոչ։ Նախագահի թեկնածուներին հաստատող մարմինը՝ 12 հոգուց բաղկացած՝ Սահմանադրության պահպանման հանձնաժողովը, դեռ պետք է հաստատի նրա թեկնածությունը։
Եթե համարենք, որ հարցազրույցի եւ աղմուկի հեղինակներն իրենք՝ բարեփոխիչներն են, ապա դա նրանց հնարավորություն է տալիս՝
-ցույց տալու, թե իրականում շատ ավելին կարող էին անել, եթե իրենց չխանգարեին՝ այդպիսով արդարանալով ձախողումների կամ առնվազն ոչ այնքան էական հաջողությունների համար,
-եւս մեկ անգամ շեշտելու, թե տարանջատված են պահպանողականներից ավելի, քան կարող է թվալ․ այս ուղերձը կարեւոր կլինի թե՛ Իրանի հասարակության՝ փոփոխություններ ակնկալող հատվածի համար, թե՛ միջազգային հանրության ու հատկապես նրանց համար, որոնց հետ հիմա բանակցությունների փուլում է Իրանը,
-ավելի մեծ մասնակցություն ապահովելու նախագահական ընտրություններին՝ անկախ նրանից, թե ով կլինի իրենց թեկնածուն, հնարավորինս ավելի շատ քվեներ ստանալու։
-ամրացնելու դիրքերը բանակցելիս՝ ներկա բանակցողի հետ ավելի արագ լուծումների դրդելով։
Եթե համարենք, որ սա, այնուամենայնիվ, պահպանողականների կողմից էր կազմակերպված, ապա նպատակը Զարիֆին՝ որպես հնարավոր թեկնածուի չեզոքացնելն է՝ Սահմանադրության պահապանների խորհրդին հավելյալ լծակ տրամադրելով նրա թեկնածության մերժման համար, և Միջուկային պայմանագրի վերաբերյալ բանակցությունները խոչընդոտելը՝ առնվազն ներհասարակական ճնշման ռուսաստանյան կողմի մասնակցությամբ։
Դեպքի մասին արդեն իսկ իրենց տեսակետները հայտնել են երկրի նախագահ Հասան Ռոհանին եւ պառլամենտի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը։
Առաջինը բացատրել է, որ հարցազրույցը ԱԳՆ-ի արխիվի համար է արված եղել, ու բանավոր պատմության նախագծի շրջանակում նախարարն իրավունք ուներ հայտնելու սեփական կարծիքը, որը հաճախ չի համընկնում կառավարության կարծիքի հետ։
Միաժամանակ, նախագահը շեշտել է իր բացառիկ վերաբերմունքը գեներալ Սոլեյմանիի անձի՝ որպես ոչ միայն հրաշալի զինվորականի, այլ նաեւ հմուտ դիվանագետի նկատմամբ։
Իսկ պառլամետի խոսնակ, պահպանողականների թեւի ներկայացուցիչ Մոհամմադ Ղալիբաֆն ասել է, թե այնպես, ինչպես Շահիդ Բեհեշթիի մարտիրոսությունից հետո երկրից արմատախիլ արվեց «Մոջահեդդինե Խալղ» կազմակերպությունը, այնպես էլ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո պետք է արմատախիլ արվեն արեւմտամետ գործիչները։ Ինչպես երեւում է, նախագահական ընտրություններում թեկնածու լինելու հարուստ փորձ ունեցող նախկին օդաչուն վճռական է տրամադրված հավանական մրցակիցներին չեզոքացնելու հարցում։
Երկրի Հոգեւոր առաջնորդը առայժմ չի անդրադարձել հարցին, բայց այն, որ նախարարը դեռ իր պաշտոնին է եւ անգամ պաշտոնական հանդիպումներ է ունենում, թույլ է տալիս ենթադրել, որ Հոգեւոր առաջնորդի հնարավոր անդրադարձը նույնպես կարող է երկակի մեկնաբանությունների առիթ տալ։
Արդեն հայտնի հարցազրույցում Զարիֆն ասում է՝ «դիվանագետը ո՛չ զենք ունի, ո՛չ փող, միակ զենքը, որին տիրապետում է նա, բանակցություններն են»։
Կհաջողվի՞ արդյոք բանակցությունների հմտությամբ օժտված նախարարին «ողջ մնալ» Իրանի քաղաքական դաշտում՝ կերեւա առաջիկա շաբաթների ընթացքում։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։