ՀՀ արտգործնախարարությունը մեկնաբանել է Երեւանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը:
ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Հնդկաստանի անկախության եւ պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ եւ հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը եւ հրկիզումը:
«Սա սադրանք է՝ ուղղված դարավոր եւ անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ»,- նշել է ԱԳՆ-ն:
ՀՀ արտաքին գերատեսչությունն ընդգծել է, որ հուշարձանների պահպանման խնդիրը բոլորի պարտավորությունն է, եւ վանդալիզմի ու պղծման ցանկացած արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակում:
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ստուգել է Երեւանում Մահաթմա Գանդիի արձանը հրկիզելու վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները: Արձանն ու պատվանդանը վնասված են: Երեւանի Մաշտոցի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ասել է, որ քաղաքապետարանը խստորեն դատապարտում է ցանկացած հուշարձանի նկատմամբ նման անարգ վերաբերմունքը. «Հուսով ենք, որ իրավապահ մարմինները կտրուկ եւ համարժեք գործողությունների կդիմեն, ավագանին համակողմանի ուսումնասիրություն է անում, նաեւ, կարծեմ, խորհրդակցություններ է անցկացրել մասնագիտական եւ գիտական հանրության ներկայացուցիչների հետ` հարցի տարբեր ասպեկտները եւ նրբությունները հաշվի առնելու վերաբերյալ»:
Մահաթմա Գանդիի արձանը Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու որոշումը Երեւանի ավագանին 43 կողմ, 2 ձեռնպահ ձայներով ընդունել է 2020-ի ապրիլի 28-ին: Որոշման համար հիմք է ծառայել Հայաստանի ԱԳՆ-ի առաջարկը, հնդկական կողմն էլ իր հերթին դիմել էր արտաքին գերատեսչությանը Գանդիի 150-ամյակի կապակցությամբ։
2021-ին արձանի տեղադրումից հետո հասարակական որոշ գործիչներ բողոքում էին դրա դեմ՝ Գանդիին անվանելով հակահայ գործիչ:
Երեկ գիշեր անհայտ անձինք հրկիզել են Մահաթմա Գանդիի արձանը, որի տեղադրման նպատակահարմարության վերաբերյալ հակասական կարծիքներ են հնչում։ Հնդիկ առաջնորդի արձանի տեղադրումը քննադատողները նշում են Գանդիի հայատյաց գործունեությունն ու Հայոց ցեղասպանության մերժումը։