Լոռու մարզպետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Ալիք Մեդիային» փոխանցեցին, որ 2021 թվականից սկսած՝ մարզում ժամանակավոր բնակվող արցախցիներին առնչվող ծրագրերն ու դրանց վերաբերյալ տեղեկատվությունը համակարգում են համայնքապետարանները։
«Օձուն համայնքում ներկայում բնակվող արցախցի 6 ընտանիք կա։ Միայն մեկ տարեց Հագվի բնակավայրում է ապրում։ Պատերազմից հետո գյուղ եկած ընտանիքները դեռեւս 1990-ականներին վերաբնակեցման ծրագրով Օձունից Արցախ տեղափոխվածներն են»,- «Ալիք Մեդիային» տեղեկացրեց Օձունի համայնքապետարանի սոցիալական աշխատող Մարիամ Գրիգորյանը՝ թվարկելով նաեւ արցախցիներին աջակցություն ցուցաբերած կազմակերպությունների անունները՝ «Կարմիր խաչ», «Հայաստանի մանուկներ հիմնադրամ», «Վորլդ Վիժն Հայաստան», «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» եւ այլն։
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի տվյալներով Ալավերդի համայնքի տարածքում արցախցի 24 ընտանիք է բնակվում։ Կազմակերպությունն աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում։ Վերաբնակեցված ընտանիքներից բացի՝ թիրախում են նաեւ պատերազմից տուժած, զոհված, վիրավոր կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքները։
«Ամեն համայնքում աջակիցներ ունենք, որոնց միջոցով գրեթե ամեն օր տեղեկություն ենք ստանում ընտանիքների մասին՝ փորձելով հասկանալ, թե ինչ կարիքներ ունեն, եւ ինչով կարող ենք օգնել։ Նրանց աշխատանքի եւ ժամանակավոր զբաղվածության հարցերով համագործակցում ենք զբաղվածության տարածքային կենտրոնի հետ, բայց դեռեւս մեծ հաջողությունների չենք հասել․ մարդիկ ընդամենը գրանցվել եւ սպասում են»,- ասում է Ալավերդիում գործող «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։
2020-ի նոյեմբերից մինչեւ 2021-ի ապրիլի 18-ը Զբաղվածության պետական գործակալության Թումանյանի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառվել է աշխատանք փնտրող հինգ արցախցի։ Նրանցից միայն մեկն է աշխատանք գտել։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։