Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) Կապանի «Սյունիք» օդանավակայանին եռանիշ YUK կոդ է շնորհել, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր: Ըստ «Հետք»-ի՝ «Սյունիքն» ավելի վաղ ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ UDCK կոդը, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկելու միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր:
«Սյունիքը» ՀՀ երրորդ օդանավակայանն է, որն ունի IATA-ի կոդ: Թեեւ պաշտոնապես Սյունիքի մարզկենտրոնն այսուհետեւ կանոնավոր եւ ոչ կանոնավոր միջազգային չվերթեր ընդունելու իրավունք ունի, գործնականում Կապանի օդանավակայանը ներկայում սպասարկում է միայն Երեւան-Կապան-Երեւան ներքին չվերթը:
«Սյունիք» օդանավակայանը չի կարող ընդունել այնպիսի խոշոր օդանավեր (օրինակ՝ «Boeing» կամ «Airbus»), որոնք վայրէջք են կատարում Երեւանի «Զվարթնոցում» կամ Գյումրու «Շիրակում» (սրանք ունեն «4D» դասի աերոդրոմներ): Բայց ավելի փոքր օդանավերի հարցում այն պետք է որ խնդիր չունենա:
Ոչ պակաս կարեւոր հանգամանք է այն, որ IATA-ի կոդ ստանալուց հետո Կապանի օդանավակայանն արդեն տեսանելի կլինի թռիչքներին առցանց հետեւող կայքերի քարտեզներում։