Ըստ Ermenihaber գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունից հետո Թուրքիայի պետական պատմագիտական ընկերությունը դարձյալ լծվել է Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված աշխատանքներին։
Տխրահռչակ պատմագիտական ընկերության գիտական խորհրդի անդամ պրոֆեսոր Հալուք Սելվին հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին տեսանյութեր են պատրաստել:
15 րոպեանոց անգլերեն ենթագրերով տեսանյութերի խորագրերն ավելի քան պերճախոս են՝ «Հայ հասարակությունը ազգայնականության շրջանում», «Հայկական առաջին ապստամբություններն Անատոլիայում», «Միսիոներական առաքելությունները եւ հայկական իրադարձությունները Անատոլիայում», «Ինչպես ստեղծվեց ցեղասպանության մասին պնդումը», «Տեղահանության տանող ճանապարհը», «Ինչ է եղել 1915 թ․ ապրիլի 24-ին», «Ինչ է ուզում Հայկական սփյուռքը» եւ այլն։