ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում սեւով սպիտակի վրա, պարզ ու մատչելի բացատրված է՝ օդային տագնապի ազդանշանը լսելիս վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ, անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրեր, որոշակի քանակությամբ սննդամթերք, ջուր եւ առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցում:
Լավ է ասված… բայց ի՞նչ վիճակում են թաքստոցները, ընդհանրապես՝ կա՞ն դրանք, թե՞ ոչ:
Գյումրու «Կարին» համատիրության տվյալներով՝ ամենախիտ բնակեցված նորակառույց Մուշ թաղամասի բազմաբնակարանները չունեն թաքստոցներ: Հարկ եղած դեպքում նախատեսել են մարդկանց ուղղորդել մոտակա դպրոցի կամ մանկապարտեզի նկուղ, որոնք բավարար չեն մեծ թվով բնակիչների պատսպարելու համար:
Վիճակը փոքր-ինչ բարվոք է կրկին խիտ բնակեցված «Անի» թաղամասում. բոլոր բազմաբնակարաններն ունեն նկուղներ: Ասել, որ դրանք լիարժեք պատսպարաններ են, չափազանցված է: Նկուղները լցված են կենցաղային աղբով, մի քանիսն էլ՝ կեղտաջրերով: Ո՞վ պետք է կարգի բերի ապաստարանները: Բնակիչն ասում է՝ քաղաքապետարանը, համատիրությունը, նրանք էլ թե՝ բնակիչը…
Խնդիրն ավելի մեղմ է գյուղական համայնքներում, քանի որ գրեթե բոլորն ունեն իրենց նկուղները: Շիրակի մարզի ամենամեծ խոշորացված համայնքի՝ Ախուրյանի համայնքապետարանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Զոհրաբ Հունոյանը մշտապես շրջայցեր է կատարում բնակավայրերում:
35 բնակավայրում ընդամենը 26 բազմաբնակարան շենք կա, որոնց նկուղները կարգի բերելու աշխատանքներ են տարվում: Ըստ մասնագետի՝ ցանկացած զարգացած երկրում, որտեղ եթե անգամ չկա պատերազմի լուրջ վտանգ, մարդիկ գիտեն, որ իրենց նկուղը պատրաստ պետք է լինի որպես ապաստարան ծառայելու համար:
Մեզ մոտ գրեթե անհնար է գտնել մի ընտանիք, որտեղ պատրաստ պահում են փաստաթղթերի, բուժօգնության պարագաների, ջրի ու պահպանվող սննդի անհրաժեշտ պաշարի կապոց: «Քանի վտանգը մեր տներին չի հասել, ոչինչ չենք անում»:
Շիրակի մարզում ակտիվ հասարակական գործունեություն ծավալող Ստեփան Կակոսյանը անտարբերությունը չարիք է համարում:
Դեռ անցած տարվանից տարբեր տարիքի ու նախասիրությունների մարդիկ կամավոր հավաքվել, Շիրակի մարզում ապաստարաններ են բարեկարգել: Թե ո՛ր տարածքում, Ստեփանը չի բացահայտում:
Առաջինը շատ ընդարձակ ապաստարան է եղել, որն ի սկզբանե նախատեսված էր հենց այդ նպատակի համար, բայց քարուքանդ վիճակում էր, երկրորդը դպրոցի ապաստարան էր, որն անհամեմատ բարվոք վիճակում էր: Երրորդը՝ մասնավորին պատկանող նկուղային մեծ տարածք է եղել, կարգի են բերել, սեփականատերն էլ խոստացել է, որ արտակարգ իրավիճակի դեպքում տարածքը կտրամադրի բնակչությանը որպես հանրային սեփականություն:
Ստեփանը մտահոգ է՝ խնդիրը շատ ավելի մեծ է մայրաքաղաքում, Գյումրին ավելի լավ վիճակում է, մենք սեփական տներ շատ ունենք: Երեւանում ապաստարանի համար նախատեսված վայրերը, եթե այդպիսիք կան, հիմնականում սեփականատերերինն են, ծառայում են որպես փաբեր, բարեր։ Չպետք է միայն վատի վրա կենտրոնանալ, վերջին ժամանակներում հիմնվող շենքերի, դպրոցների, մանկապարտեզների պատսպարանները բավականին հուսադրող են:
Ապաստարանների մասին խոսելը կամ մտահոգվելը Ստեփանը պատերազմի գույժ չի համարում, ի վերջո, նաեւ աղետի գոտի ենք եւ սեյսմիկ կենտրոն։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանում ապաստարանների հարցը չորրորդ կարգի խնդիր է իշխանությունների համար։ Միշտ է այդպես եղել։ Հույսներդ նրանց վրա մի՛ դրեք, հետաքրքրվե՛ք, թե ձեր ապաստարանը որտեղ է, ինչ վիճակում է, արդյոք ունե՞ք, թե՞ չունեք։ Սա ձե՛ր ու հատկապես ձե՛ր մտերիմների կյանքին առնչվող առաջնային հարց է»։
Ստեփանը հորդորում է լուծել տան մոտակայքում գտնվող կամ սեփական նկուղի առանձին էլեկտրականության (դվիժոկ), սանհանգույցի, տաք շորերի ու չփչացող սննդի եւ այլ հարցերը: Վերջում ավելացնում է. «Ես կուրախանամ, եթե հետո ինձ վրա «մուննաթ» գաք ու ասեք՝ անիմաստ տանջվեցինք, պետք չեկան»։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։