Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 26-ին Նախիջեւանից վերադառնալուն պես հայտարարել է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններում առաջընթացի անհրաժեշտության մասին։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին, եւ այդ դիրքորոշումը հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու կարեւորությունը եւ հույս հայտնել, որ Հայաստանը գործընթացը հետաձգելու փոխարեն վերջապես ուժեղ կամք կդրսեւորի եւ կօգտվի հակամարտության կարգավորման նոր հնարավորություններից։
«Մենք անլուծելի խնդիրներ չենք տեսնում, պետք է ուղղակի հարգվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գործընթացում առաջընթացը մեծ խթան կհաղորդի տարածաշրջանային կարգավորմանը»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում կայունություն, խաղաղություն եւ բարգավաճում ապահովելու համար։ Անդրադառնալով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի խնդրին՝ Էրդողանը նշել է, որ եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել միջանցքի բացումը, ապա միջանցքը կարող է անցնել Իրանի տարածքով։