Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարեւորել է կորոնավիրուսի դեմ պայքարի համատեղ միջոցառումներ ձեռնարկելը՝ Եվրոպայում նկատվող համավարակի երրորդ ալիքի համատեքստում:
Նա նշել է, որ «Ճամփորդում եմ առանց Քովիդ-19-ի» բջջային հավելվածում կորոնավիրուսի թեստի պատասխաններից բացի առաջիկայում նախատեսվում է մուտքագրել նաեւ պատվաստումների մասին տվյալները:
«Կարծում եմ, որ հավելվածի լայնամասշտաբ գործարկումը թույլ կտա ավելի արագ վերականգնել անվտանգ ուղեւորափոխադրումները, որի կարիքն ունեն մեր քաղաքացիները»,- ասել է ՌԴ վարչապետը:
«Ճամփորդում եմ առանց Քովիդ-19-ի» նախագծին լիարժեք մասնակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ռուսաստանը: Նախատեսվում է, որ առաջիկայում կմիանա նաեւ Ղազախստանը:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել է, որ «App Store»-ում գրանցվել է արդեն մշակված հավելված, որը ներբեռնելով՝ քաղաքացիները կանաչ «բարքոդով» կստանան պատվաստման հավաստումը: Պատվաստման ամբողջ գործընթացը գրանցվում է էլեկտրոնային հարթակում, որտեղից տեղեկությունը հավելվածով անմիջապես հայտնվում է հեռախոսում: