Էլզան 44-օրյա պատերազմում կորուստ ունեցած հազարավորներից մեկն է։ Եղբայրը՝ լեյտենանտ Գեւորգ Կիրակոսյանը, զոհվել է Մատաղիսի պաշտպանական մարտերում։ Մեկ ամիս անց ողբերգությունը կրկնապատկվել է, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով թշնամուն է հանձնվել հազարավոր կյանքերի գնով ազատագրված Արցախի մեծ մասը։ Հետո արդեն հայրենիքի հետ որեւէ լավ բան չի կատարվել, որը կսփոփեր «լույսը մարած» ընտանիքի վիշտը։
Պատերազմին հաջորդած ժամանակահատվածում նոր տարածքների զիջումը, Արցախի բնակավայրերի հայաթափումը, 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը Հայաստանի վրա, ապա Արցախի ինն ամիս տեւած շրջափակումն ու այնտեղ տիրող հումանիտար աղետը հուշել են վերահաս վտանգի մասին։
Արցախի կորուստը սպասելի էր
Այն, որ Արցախի գլխին նորից մութ ամպեր կկուտակվեն, սպասելի էր իրականում։ Բայց միշտ հոգեբանորեն պատրաստ եմ եղել ուրիշ զարգացումների։ Ցեղասպանություն չէի սպասում։ Մտածում էի՝ 44-օրյան դաս կլինի, այդքան կյանքեր չեն զոհաբերի։ Թեկուզ զինված պայքար, հետո պարտություն լիներ, բայց ոչ երբեք շրջափակում եւ էթնիկ զտում։
Ցավալի է գիտակցելը, որ միայն Արցախը չէ։ Զանգեզուրի միջանցքն է հաջորդը լինելու։ Երբ լսում ես իրենց պաշտոնյաներին, հասկանում ես, որ հավակնություններ ունեն թե՛ Սյունիքի, թե՛ Գեղարքունիքի եւ թե՛ Տավուշի հարցում։ «Մեծ Թուրանի» ծրագիրը պետք է իրականացնեն։ Զարմանում եմ դեռ այն լավատեսների վրա, որ դրան չեն հավատում։ Բոլոր քայլերը դրան են տանում։
Ափսոսանքը հայրենիքի՛ կորստի համար է
Երբ ասում էին՝ տղաները «հանուն ոչնչի» են զոհվել, դա ինձ խենթացնում էր։ Եթե մարդը գնում է հայրենիքը պաշտպանելու, այն էլ՝ գիտակցված, դա հանուն ոչնչի չի կարող լինել։ Եղբորս ընտրությունն էր, ինչին պատրաստվել էր շատ երկար։ Նա ռեալ գիտեր՝ ինչի համար է այնտեղ։ Շատ ցավալի էր նոյեմբերի 9-ը։ Եթե հանձնված տարածքները պիտի համարվեին օկուպացված, ուրեմն եղբայրս դիվերսանտ էր, ոչ թե հերոս։
Նման իրողություններն են ավելի շատ մեզ ցավեցնում։ Հայրս անգամ Արցախի «Մարտական ծառայություն» մեդալից հրաժարվեց հենց նրա համար, որ այդ տարածքները համարվեցին օկուպացված։ Այսինքն՝ մեր երեխային ինչի՞ համար եք մեդալ տալիս, օկուպացված տարածքի պաշտպանությա՞ն։ Իմ մեջ պայքարելու ցասումն առաջացավ հենց դրանից հետո, որոշեցի, որ եղբորս պայքարը պետք է շարունակեմ եւ ապացուցեմ, որ Արցախը ոչ թե «ոչինչ» կամ գողացված հող է, այլ մեր պատմական հայրենիքը։
44-օրյայում զոհվածների ընտանիքներն այսօր հուսահատ չեն
Բոլորն են հակված պայքարը շարունակելու։ Չգիտեմ՝ կարող է մեզ մոտ նաեւ վրեժի զգացում կա, որ չենք ընկճվում։ Շատ-շատ մարդիկ այսօր մեզ են նայում։ Ու ես այն գիտակցումով եմ ապրում, որ ուժեղ լինելու օրինակ ծառայեմ։ Հինգ հազարից ավելի ընտանիք կորցրել է իր տան լույսը։ Հինգ հազարը բազմապատկեք նրանց բարեկամ-հարազատների թվով։ Եթե թուլանանք, ուղղակի կունենանք ընկճված հասարակություն։
Այս ողբերգական օրերին էլ մենք համախմբված ենք։ Պատկերացրեք, որ կորուստ ունեցած ընտանիքներն ավելի շատ են մտահոգ Արցախով, արցախահայության խնդիրներով, քան շատ-շատերը։ Անընդհատ կապի մեջ ենք, խոսում ենք, ցավ են ապրում ու պատրաստ են իրենց տներում ընդունելու արցախցիներին, ժամանակավոր կացարան տալու, մինչեւ մարդիկ ոտքի կկանգնեն։ Մինչդեռ հասարակության մի ստվար հատվածի սովորական առօրյան այդպես էլ չփոխվեց, չկտրվեցին քեֆ-ուրախություններից։ Մինչեւ այսօր էլ ապրում են այնպես, ինչպես պատերազմից առաջ։
Ճգնաժամից հնարավոր է դուրս գալ կրթվելու եւ համախմբվելու միջոցով
Առաջին հերթին պետք է զարկ տալ կրթությանը։ Երեխաներին պետք է ուղղորդել՝ ուսումնասիրելու հատկապես բնագիտական առարկաներ։ Երկրի ներսում պիտի կարողանանք զենք ստեղծել։ Անհատներ, խմբեր գուցե կան, բայց պետական մոտեցում պետք է լինի։ Ոչ թե հույս եմ փայփայում, այլ վստահ եմ, որ մենք մեր պետությունը ներսից, առանց ցուցադրականության պիտի զարգացնենք։ Այդ դեպքում ինչ-որ շանս կունենանք կյանքեր, տարածքներ փրկելու՝ անկախ նրանից, թե հաջորդ պատերազմը մեր երկրի որ հատվածում կպայթի։
Բարդ բան եմ ասում, բայց ոչ անհնարին։ Մի ամսվա կամ մի տարվա գործ չէ։ Մեծ ջանքեր են պահանջվում մարդկանց փոխելու, գաղափարին, ուղեղին հասցնելու։ Համախմբվել է պետք։ Ու քաղաքական ուժերը թող չփորձեն հայտնի առակի (Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը – հեղ․) նման ամեն ինչ դեպի իրենց տանել։ Մեր երկրում խելացի մարդիկ հաստատ մնացել են։ Պետք է ուղղակի պլան մշակել՝ ոնց դուրս բերել երկիրը ճգնաժամային իրավիճակից։ Ու հաստատ դա հնարավոր է, բայց միանշանակ՝ այս իշխանություններից ազատվելուց հետո։
Երկրին տեր լինել է պետք՝ այստեղ ապրելով
Հայրենիքին պետք է տեր կանգնենք։ Սրանք ուղղակի խոսքեր չեն։ Շատ ենք լսում՝ հայը ապրել է, կապրի, բայց եթե սեփական հողիդ տեր չես կանգնում, վաղը ո՞ւմ հողում, ո՞ւմ տանն ես ապրելու։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է գործ անել, շենացնել, նոր հպարտանալ, որ հայ ես, սիրում ես տունդ, երկիրդ։ Քո երկրում պետք է ապրես՝ ստեղծող, արարող տեսակ լինելով, ոչ թե սոսկ «յան» ազգանուն կրելով։
Պապիս պապը Արցախից է եկել Լոռի։ Հագվին այդ ժամանակ գոմահանդ է եղել։ Ասել է՝ այնքան ժամանակ չեմ ամուսնանա, մինչեւ տարածքը գյուղ չդարձնեմ։ Ու 46 տարեկան է եղել, որ ամուսնացել է, երբ Հագվին գյուղի կարգավիճակ է ստացել։ Հաճախ եմ մտածում, որ եղբայրս պայքարող տեսակ էր հենց արցախցու գենի շնորհիվ, ինչն, իհարկե, պատիվ է։
Պետք է ուժեղացնել բանակը․ թշնամին միայն զենքի լեզուն է հասկանում
Երեք տարի է՝ բանակի կողքին եմ։ Այս մասին վերջերս եմ սկսել բարձրաձայնել։ Հիմա էլ ոչ թե հրապարակման, այլ օրինակ ծառայելու համար եմ ասում։ Մենք պետք է ապրենք այն գիտակցումով, որ մեր անվտանգության երաշխավորը սահմանին կանգնած զինվորն է։ Բոլորս մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք հենց այդ տղաներին պաշտպանելու, նրանց համար ինչ-որ բան անելու, եղածը դեպի լավը փոխելու ծրագրերով, որովհետեւ եթե բանակ ունես, զենքով դիմադրություն ցույց կտաս ու կկարողանաս դուրս գալ էս իրավիճակից։
Թշնամին միայն զենքի լեզուն է հասկանում։ Գոնե հիմա մենք ուրիշ շանս չունենք։ Ամեն ինչ սկսվում է սահմանի պաշտպանությունից։ Այսօր անհատներ կան, որ զբաղված են բանակաշինության գործով, լուրջ ծրագրեր են անում։ Պետք է կանգնել այդ մարդկանց կողքին։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։