ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:
Ըստ Թաթոյանի՝ Արցախյան վերջին պատերազմում ադրբեջանցիների կատարած խոշտանգումները, դաժանությունները սոսկ առանձին զինվորականների արարքներ չէին, այլ միասնական, հաճախ ֆաշիզմի հասնող քաղաքականության դրվագներ, որոնք հետագայում Ադրբեջանում արժանանում էին համազգային գովասանքի, իշխանություններն ու այլ գործիչները խրախուսում էին դրանք:
Պատերազմի ընթացքում, ըստ ՀՀ ՄԻՊ-ի, միանգամից բացվել են Ադրբեջանի իշխանությունների հետ կապված «Տելեգրամի» ալիքներ, որոնք մտադրված կերպով Հայաստանի սոցիալական տիրույթներում տարածել են բռնությունների, դաժանությունների տեսարաններ:
Արման Թաթոյանի դիտարկմամբ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության եւ թշնամանքի վաղեմի քաղաքականությունը պատերազմի ընթացքում սրվել է եւ այժմ ավելի նոր դրսեւորումներ է ստացել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է Ալիեւի ելույթները, վերլուծել շուրջ 300 տեսանյութ, թարգմանել ռուսերեն եւ անգլերեն, դրանք եւ խոշտանգումների բոլոր տեսանյութերն ուղարկել միջազգային կառույցներին:
«Մենք ցույց ենք տվել, որ դրանք Ադրբեջանի նախագահի խոսքերն են, ցույց ենք տվել, որ դրանք ոգեշնչող նշանակություն ունեին պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի համար»,- ընդգծել է Թաթոյանը: