Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքի շրջանակներում:
Լիտվայի ԱԳ նախարարը Բաքու մեկնելուց առաջ ժամանել էր Երեւան, որտեղ հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող բոլոր գերիները պետք է վերադարձվեն Հայաստան։
Բայրամովը հայտարարել է, որ Լիտվայի արտգործնախարարին է փոխանցել Ադրբեջանում այժմ պահվող 62 հայ զինծառայողների մասին տվյալները՝ ընդգծելով, որ նրանք ձերբակալվել են հրադադարից հետո, եւ նրանց գործողություններին պետք է տրվի իրավական գնահատական։
«Ադրբեջանական կողմը ամենայն պատասխանատվությամբ իրագործում է ստանձնած պարտավորությունները, գերիների փոխանակումն ավարտվել է նոյեմբերի վերջին»,- պնդել է Բայրամովը։
Նա կրկին միջազգային համայնքին հորդորել է ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ ականապատման քարտեզները տրամադրելու համար։
Պաշտոնական Երեւանը շաբաթներ առաջ հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հարցով միջազգային ճնշումներին ի պատասխան՝ Բաքուն փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ:
Այստեղ տեղին է մեջբերել բրիտանական The Economist պարբերականի այսօրվա խմբագրականից մի հատված. «Ալիեւը վերջերս բացեց ռազմական ավարի զարհուրելի պուրակը, որտեղ ցուցադրված են վիրավոր հայ զինվորների մանեկենները՝ ծուռ քթերով եւ գրոտեսկային դեմքերով, ինչպես նաեւ պատերազմում սպանված հայերի սաղավարտները: Թե ինչպես է նման ցուցադրությունը համադրվում Ադրբեջանի խաղաղության առաջարկների հետ, կարելի է միայն կռահել: Հայաստանին Էրդողանի ու Ալիեւի առաջարկածը նման է ոչ թե ձիթենու ճյուղի, այլ սեփական պարտությունն ընդունելուն»: