Մի օր քարքարոտ, մի օր արեւոտ օրերի վերհուշը գրեթե ինը տասնամյակի խորքերն է տանում… Մարգարիտա Ավետյանի միտքն ու հիշողությունները հեռավոր Բոստոնից թեւեր են առնում, կտրում անցնում օվկիանոսն ու իջնում մի բուռ հայրենիքի մի կտոր ծննդավայրում:
Ծննդավայրի մասին հուշերը միայն մոր պատմածներով են ուրվագծվել: Քանաքեռում է ծնվել, 1935 թվականին, մեկ տարեկանը չբոլորած՝ ընտանիքով տեղափոխվել են Լոռու մարզի այն ժամանակ Ծաղկաշեն, այժմ՝ Ծաղկաբեր գյուղ:
Մինչ Ծաղկաշենում մանկությունն էր վայելում, սկսվեց 2-րդ Համաշխարհայինը, որը պետք է տաներ ոչ միայն հորը, այլեւ մոր անհոգ ժպիտը, իր եւ քույր-եղբայրների մանկությունը. հայրը պատերազմ է գնում, գերի է ընկնում եւ հրաշքով վերադառնում է:
Պատերազմը մի հատկություն ունի՝ սկսվում է, բայց չի ավարտվում: Թվացյալ վերջացած պատերազմը տանում է նաեւ Մարգարիտայի հոր երիտասարդ կյանքը։ Վերադարձից հետո նա երկար չի ապրում:
Այնուհետեւ խաղաղ ու փոքրիշատե ապահով կյանք գտնելու փնտրտուքը Ավետյան ընտանիքին տանում է Վրաստան: Թբիլիսիում նոր կյանք են սկսում:
Մարգարիտան հարս է գնում Խնկոյան գյուղ: Ամուսնու մասին հիշելիս ժպտում է, խանդոտ էր… «Չէր թողնում՝ ավտոբուս նստեի, որ ինձ ոչ ոք չկպչեր, շատ լավն էր, մենակ այդ մի խանդը…»:
Տիկինը վեց երեխաներ է ունենում, ամեն մեկին կյանքի ճիշտ ուղու վրա դնում:
Ամուսնու մահից հետո, երբ թվում էր, թե ամեն ինչ վերջացած է, հաշվի չէր առել, որ անկանխատեսելի հանգամանքներն օվկիանոսից այն կողմ են տանելու իրեն: Երեխաների ու թոռների կողքին լինելու համար մեկնում է ԱՄՆ, մի քանի անգամ գնալ-գալուց հետո հաստատվում Բոստոնում:
Որ տիկին Մարգարիտայի հոգում կուտակված ծաղիկները մարմին, գույն ու տեսք էին ստանալու, ոչ ոք չգիտեր, անգամ ինքը: Տիկնոջ նկարչուհի դուստրը 2020 թվականի պատերազմի պատճառով խոր դեպրեսիայի մեջ հայտնված մորն օգնելու նպատակով մի օր առաջարկում է նրան ու ընկերուհիներին նկարել:
«Նստեցրել է, ասում է՝ նկարի… ես նկարել չգիտեմ: Վրձինը վերցրի ձեռքս, մի գիծ քաշեցի, ու էդ եղավ, էլ առանց նկարելու չեմ դիմանում»:
Առաջին փորձը հաջողված էր, Տիկին Մարգարիտան առաջին անգամ է զգում, որ նկարելն իր դեղ ու դարմանն է, ջրաներկն ու կտավը՝ հոգու ընկերը: Իրար հետեւից ծնվում են ծաղկանկարները: Ասում է՝ նկարիչ չեմ, ծաղիկներն են միայն ինձ ոգեշնչում, ուրիշ բան որ նկարում եմ, ինձ դուր չի գալիս:
Երբ նկարները կարճ ժամանակ անց տասնյակների են հասնում, դուստրն առաջարկում է ցուցահանդես-վաճառք կազմակերպել: Հենց այդ պահից տիկին Մարգարիտան որոշում է վաճառել նկարներն եւ հասույթն ուղարկել Հայաստան՝ վիրավոր զիվորներին:
Վաճառքից գոյացած առաջին 4000 դոլարն ուղարկում է Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի քանի վիրավոր զինվորների, այնուհետեւ ընդլայնում է աշխարհագրությունը:
Տիկին Մարգարիտան արդեն ցուցադրված հարյուր կտավ ունի: Ինքը կտավին է կյանք տվել, կտավն՝ իրեն…
Հայրենիքից հեռու, հայրենիքը սրտում մի տարագիր հայուհի է նա, որը հայրենիքը սիրում է գործով, ոչ թե խոսքով: Պատկառելի տարիքի տիկինը վերահաստատում է, որ ամեն հայ յուրովի է կռվում պատերազմում, ամեն մեկն իր բաժին պատերազմը մղում է ի՛ր խրամատում:
Տեսանյութն Ալիք Մեդիային տրամադրել է Արթուր Ղանդիլյանը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։