ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում դրական եզրակացություն է տվել միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
Նախագծի զեկուցող Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ վավերացման գործընթացը վերաիմաստավորվում է նաեւ այսօր, երբ Արցախից բռնի տեղահանվում են մեր հայրենակիցները։ «Այս բռնի տեղահանումը եւս, կարծում ենք, կանոնադրության իրավազորության ենթակա հանցագործությունների շարքին է դասվում` որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Սա եւս մեկ անգամ վերաիմաստավորում եւ հիմնավորում է այս գործընթացը նախաձեռնելու անհրաժեշտությունը»,– շեշտել է Կիրակոսյանը։
Նրա բացատրել է՝ ինչու է կառավարությունն առաջարկել կանոնադրության վավերացումից բացի հետադարձորեն ճանաչել դատարանի իրավազորությունը` սկսած 2021-ի մայիսի 10-ից։ Այդ ժամանակահատվածից Ադրբեջանի զինված ստորաբաժանումները սկսեցին ներխուժել ՀՀ սուվերեն տարածք, եղան գերեվարումներ, մարդու իրավունքների այլ խախտումներ։
Կիրակոսյանի համոզմամբ` կանոնադրության վավերացումը կարող է նաեւ որոշակի դերակատարում ունենալ Հայաստանի անվտանգային ոլորտում։ «Օրինակ` կարող են լինել երկրներ, որոնք այս հանգամանքը կկարեւորեն տարբեր տեսակի պաշտպանական համակարգերի տրամադրման, զինատեսակի առեւտրի դեպքում։ Կանոնադրության վավերացումը կարող է երկրորդային էֆեկտ ունենալ»,– ընդգծել է Եղիշե Կիրակոսյանը։