2020 թվականի աշնանը ղարաբաղյան ռազմի դաշտում պարտության մատնելուց հետո Ադրբեջանը եւ Թուրքիան ձգտում են Երեւանին ծնկի բերելու նաեւ դիվանագիտական ասպարեզում եւ շարունակելու Հայաստանը շրջափակման ու մեկուսացման մեջ պահելու քաղաքականությունը:
Ստատուս քվոյի փոփոխությունը, որն ավելին էր, քան Բաքուն եւ Անկարան ակնկալում էին բանակցային սեղանի շուրջը ստանալ Երեւանից 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր, թվում էր՝ բավարար կլինի, որ Թուրքիան վերջ տա Հայաստանի շրջափակմանը:
Թուրքիայի եւ Ադրբեջանի թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ մնացել է այնպիսին, ինչպիսին էր մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը: Ավելին, եթե մինչեւ 44-օրյա պատերազմը թուրքերն ու ադրբեջանցիները այս կամ այն չափով պահում էին դիվանագիտական վարքի գրված ու չգրված կանոնները, ապա այսօր նրանք, հատկապես Ադրբեջանը, Հայաստանի նկատմամբ իրականացնում են նաև հոգեբանական ագրեսիա:
Թուրքիան Հայաստանի հետ ցամաքային երկու սահմանադռները՝ Ալիջան-Մարգարա եւ Դողուգափը-Ախուրիկ, ինչպես նաեւ Կարս-Գյումրի երկաթուղին փակել է 1993-ի ապրիլի 2-ի կառավարական որոշումով այն բանից հետո, երբ հայկական ուժերը դուրս եկան Քելբաջար/Քարվաճառ:
Թվում էր՝ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Անկարան լռելյայն վերջ կտա շրջափակմանը, սակայն դա տեղի չունեցավ, եւ դատելով թուրքական կողմի պահվածքից՝ առաջիկայում եւս չի երեւում քաղաքականության փոփոխություն:
1991-ի դեկտեմբերին Թուրքիան ճանաչեց անդրկովկասյան երեք հանրապետությունների՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի անկախությունը, Բաքվի եւ Թբիլիսիի հետ հասատատեց դիվանագիտական հարաբերություններ, մինչդեռ հրաժարվեց Երեւանի հետ նույնն անելուց՝ առաջ քաշելով երկու նախապայման. Հայաստանը պետք է վերահաստատի Կարսի պայմանագիրը կամ ստորագրի նման մի պայմանագիր, որով կճանաչի ժամանակակից Թուրքիայի սահմանները, այսինքն՝ Հայաստանը փաստաթղթով կհրաժարվի պահանջատիրությունից, երկրորդ՝ Հայաստանը պետք է չաջակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Թուրքերը հղում էին կատարում 1990 թվականի Անկախության հռչակագրի այն կետին, որտեղ ասվում էր, որ Հայաստանը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: 1995-ին ընդունված, ապա բարեփոխված Սահմանադրության տեքստերում չեն հանդիպում ո՛չ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում եւ ո՛չ էլ Արեւմտյան Հայաստան ձեւակերպումները:
Ավելին՝ 2009-ին Ցյուրիխում ստորագրված երկու արձանագրություններով Հայաստանն անուղղակի վերահաստատել է Կարսի պայմանագիրը, ինչպես նաեւ համաձայնել մի հանձնաժողովի ձեւավորմանը, որը պետք է զբաղվեր պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրությամբ: Սա անուղղակի նշանակում էր, որ պետք է ուսումնասիրվեր, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին: Համենայն դեպս, թուրքերն այդպես էին մեկնաբանում:
Այսպիսով՝ Հայաստանը, կամա թե ակամա, կատարել է թուրքական բոլոր երեք նախապայմանները, եւ, թվում է, այլեւս չկա պատճառ, որ Անկարան հրաժարվի Երեւանի հետ դիվանագիատական հարաբերություններ հասատատելուց եւ ապա բացի թուրք-հայկական սահմանը:
2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարությունը եւս ենթադրում է տարածաշրջանում հաղորդակցային բոլոր ուղիների ապաշրջափակում:
Թուրքիան, սակայն, նոր առիթ ստացավ, որպեսզի շարունակի արդարացնել Հայաստանը տնտեսապես մեկուսացնելու իր քաղաքականությունը, որը համահունչ է Ադրբեջանի ձգտումներին: Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիան այսուհետ մատի փաթաթան է դարձնելու եւ հրաժարվելու է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հասատատելուց: Ավելին՝ Անկարան այս ճանաչումը փորձելու է օգտագործել որպես սակարկության առարկա թուրք-ամերիկյան հարաբերություններում:
Թուրք-հայկական սահմանի հարցում Անկարան ավելի շատ նայելու է Մոսկվայի ուղղությամբ: Այսօր՝ անկախության 30-րդ տարում, մենք մեր ինքնիշխանությունը զիջել ենք Ռուսաստանին, եւ լայն հաշվով Հայաստան-Թուրքիա սահմանը նաեւ ռուս-թուրքական սահման է: Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխավորը Թուրքիայի հնարավոր ագրեսիայի դեպքում, հայ-թուրքական սահմանի երկայնքով կանգնած են նաեւ ռուս սահմանապահներ: Հետեւաբար Հայաստանի շրջափակմանը վերջ տալու հարցում Անկարան ավելի շատ խոսելու է Մոսկվայի հետ:
Հայաստանի վիճակը տխուր է:
Ըստ էության, մենք կորցրինք ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ, սակայն շարունակում ենք ապրել շրջափակման եւ թուրք-ադրբեջանական սպառնալիքների տակ: Եթե նախկինում՝ 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր, Թուրքիան եւ Ադրբեջանը առաջարկում էին խաղաղ պայմաններով, դիվանագիտական սեղանի շուրջը հասնել ստատուս-քվոյի փոփոխության ղարաբաղյան հակամարտությունում եւ դրա դիմաց խոստանում էին, որ Կասպյան խողովակաշարերը, երկաթուղին եւ հաղորդակցության մյուս ուղիները կանցնեն Հայաստանի տարածքով, ապա այսօր, մեզ պարտության մատնելով, շարունակում են շրջափակման թշնամական քաղաքականությունը:
Նախկինում Թուրքիան առաջարկում էր հայերին, որպես բարի կամքի դրսեւորում, հեռանալ երկու գյուղից կամ երկու շրջանից եւ դրա դիմաց պատրաստ էր (գոնե այդպես հայտարարում էր) վերջ տալ շրջափակմանը: Ադրբեջանը ստացել է 7 շրջան՝ գումարած Հադրութն ու Շուշին, սակայն թուրք-ադրբեջանական դիրքորոշումները Հայաստանի հանդեպ ավելի են կարծրացել:
Այս տխուր իրավիճակում, անշուշտ, նաեւ Հայաստանի մեղքի բաժինը պետք է փնտրել։ Գոնե պետք է հարցեր տանք ինքներս մեզ եւ անկեղծ լինենք:
Ինչպե՞ս է լինում, որ մենք պարտվում ենք եւ այդ պարտության մեջ փնտրում ադրբեջանցիների, թուրքերի, ռուսների, արեւմտյան մեր դաշնակիցների մեղքը միայն: Իսկ որտե՞ղ է մեր մեղքը, որտե՞ղ են մեր սխալները, որոնք տարան մեզ պարտության ու աղետի: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս էինք համակերպվում այն պնդումների հետ, որ Հայաստանը կարող է ապրել եւ զարգանալ շրջափակման պայմաններում, որ մենք կարող ենք հարատեւ պահել ստատուս-քվոն, որ բոլոր խողովակաշարերը եւ հաղորդակցության ուղիները Հայաստանով անցնելու դեպքում մեր երկրի բյուջեն չնչին գումար է ստանալու, որ մենք կգնանք փոխզիջումների, երբ հող պահելն անհար կլինի, որ թուրքերի ու ադրբեջանցիների հարձակման դեպքում մեզ կօգնեն ու կպաշտպանեն Իրանն ու Ռուսաստանը:
Եվ ամենաապշեցնողը. այս ստորացուցիչ պարտությունից հետո անգամ մենք դասեր չենք քաղում մեր մոտիկ անցյալի պատմությունից, ինչպես չքաղեցինք 100 տարի առաջ, երբ յոթ շաբաթների ընթացքում կորցրինք Հայաստանի Հանրապետության կեսը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։