«Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնությունը հոկտեմբերի 1-ին Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում համաեվրոպական հանրահավաք է անցկացնելու՝ ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի՝ դատապարտելով Ադրբեջանի էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականությունը։ Համաեվրոպական հանրահավաքի նպատակն է պահանջել Եվրամիությունից արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
Հանրահավաքը շեշտադրելու է նաեւ իր դժգոհությունը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին «ինտեգրմանը» ԵՄ-ի շարունակական քաղաքական աջակցության վերաբերյալ։ Նախաձեռնությունը հերթական անգամ կոչ է անելու ԵՄ-ին՝ ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը, որպես գոյաբանական հարց Ադրբեջանի շարունակվող էթնիկ զտումների քաղաքականության պայմաններում։
Ըստ «Արմենպրես»-ի` բողոքի ցույցն անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի՝ հոկտեմբերի 5-ին անցկացվելիք երրորդ գագաթնաժողովին ընդառաջ, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։