Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում սեպտեմբերի 23-ին առաջարկել է արցախցիների տարհանումը կազմակերպել միջազգային հովանավորությամբ։ Թեեւ ելքը Արցախից եղավ սպասվածից շուտ եւ հախուռն, բայց նրա առաջարկը հետաքրքիր է իրավունքի պահպանման տեսանկյունից։
Միջազգային հովանու ներքո տարհանում իրականացնելու մասին իմ գրառումները, որքան կարող եմ դատել արձագանքներից, հիմնականում դրական են ընկալվում արցախյան հանրությունում, բայց, այդուհանդերձ, որոշ շրջանակներում դրա համարժեք ընկալումը չկա։
Ուստի մի քանի, ըստ իս, կարեւոր պարզաբանում անեմ։
Միջազգային հովանու ներքո տարհանումն ամեն ինչից զատ նշանակում է, որ մենք դուրս ենք գալու մեր իրավունքներով, այդ թվում՝ մեր քաղաքական իրավունքներով։
Մեր իրավունքների պահպանումը չափազանց կարեւոր է հետագա մեր անելիքի համար։ Իսկ մենք անելիք ունենք, լուրջ անելիք, քանի որ չեմ կարծում, թե ամեն ինչ անվերադարձ կորսված է։ Ուստի չպետք է անէանալու չափ հուսաբեկվել։ Բայց ահա մնալն ու ինտեգրվելը կնշանակեն մեր իրավունքների, այդ թվում՝ քաղաքական իրավունքների ոչնչացում՝ ընդմիշտ ու անվերադարձ։
Փորձեք ընկալել սա. դուրս գալով՝ մենք փրկելու ենք նաեւ մեր իրավունքները, իսկ եթե մնանք, մեր իսկ ձեռքերով ոչնչացնելու են մեր իրավունքները։ Ինքներս մեզ ապագայի շանս տանք։
Միջազգային հովանու ներքո տարհանման առաջարկ-պահանջով արցախյան իշխանությունների պաշտոնական դիմումը ՄԱԿ-ին ու Եվրամիությանը, ամեն ինչից զատ, նաեւ նշանակելու է նրանց պատասխանատվության տակ դնել։
Եթե հանկարծ տարհանումը չստացվի, ապա միջազգային հանրությունը ստիպված է լինելու կրել դրա պատասխանատվության բեռը եւ որոշակի միջոցներ ձեռնարկել, ինչը անվտանգության փոքրիշատե երաշխիք կլինի։
Միջազգային հովանու ներքո տարհանման գաղափարն, ամեն ինչից զատ, նշանակում է միջազգային կառույցների մուտք Արցախ եւ հումանիտար միջանցքի բացում։ Սա շատ կարեւոր է, անչափ կարեւոր է բոլոր առումներով ու բոլոր սցենարների դեպքում։
Բայց կա մի կարեւորագույն հանգամանք։ Միջազգային հովանու ներքո տարհանում իրականացնելու առաջարկ-պահանջով արցախյան իշխանությունների դիմումը պետք է արվի ԱՆՀԱՊԱՂ, քանի որ մի քանի օր հետո այդ թեման, պարզունակ ասած, «սառեցվելու» եւ «պահածոյացվելու» է։
Մի քանի օր հետո կարող է այդ շանսն էլ չունենանք։ Նկատի ունեմ թե՛ տարհանումը եւ թե՛ տարհանման գաղափարով միջազգային կառույցներին պատասխանատվության տակ դնելը։
Այո՛, կարող է այդ շանսն էլ չունենանք, քանի որ Ադրբեջանը շատ լավ գիտակցում է այդ վտանգը եւ ամեն օր ու ամեն ժամ նոր ծուղակներ է պատրաստում թե՛ մեզ համար եւ թե՛ միջազգային հանրության համար։
Ադրբեջանն ուզում է հիմնովին ոչնչացնել մեզ եւ ահավոր ծանր հարված է հասցրել, բայց պիտի դիմանանք։ Ու կդիմանանք, եթե այդ ահավոր ծանր հարվածին չհավելենք անգործության տեսքով մեր ինքնաոչնչացումը։
Իսկ բոլոր նրանց, ովքեր դեռ պատրանքներ ունեն եւ հակված են կարծելու, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, եւ կարող է ինչ-որ բան փոխվել այս կործանարար ընթացքի մեջ, ուզում եմ ասել հետեւյալը։ Միջազգային հովանու ներքո տարհանումը միանգամից հնարավոր չէ, քանի որ անհնար է միանգամից ավելի քան 100 հազար մարդու տարհանել։ Դա բավականին աշխատատար գործընթաց է եւ պահանջում է բավարար ժամանակ։ Ուստի բավարար ժամանակ լինելու է խորհելու համար, մեր հիմնախնդրի շուրջ իրավիճակին հետեւելու եւ համարժեք արձագանքելու համար, ինչպես նաեւ հընթացս համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։
Ու տա Աստված, որ դո՛ւք ճիշտ լինեք, որ ձեր պատրանքները գոնե մեկ անգամ կենսունակ լինեն։ Ինքս չեմ հավատում դրան, քանի որ մեր կենսունակության բոլոր զարկերակներն ադրբեջանական վերահսկողության տակ են։
Պարզապես այդ ընթացքն անպայման պիտի լինի միջազգային ներկայությամբ։ Արցախ միջազգային կառույցների մուտքը չափազանց կարեւոր է բոլոր առումներով։ Միջազգային հովանու ներքո տարհանում իրականացնելու առաջարկ-պահանջով արցախյան իշխանությունների դիմումը հենց դրան է միտված լինելու։
Եվ վերջին հանգամանքը։
Միջազգային հովանու ներքո տարհանումը օրվա հրամայականն է եւ, կարծում եմ, պիտի լինի ոչ միայն հիմնական, այլեւ միակ օրակարգը հայության համար։ Առնվազն՝ առաջիկա կարճ ժամանակատվածում։ Մյուս օրակարգերը կարող են փոքր-ինչ սպասել։ Մյուս օրակարգերով գլխավոր օրակարգը ստվերողները պետք է հասկանան, որ արցախահայերին զրկում են վերջին հույսից ու վերջին շանսից։