ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում մինչեւ հիմա կորոնավիրուսի դեմ ընդամենը 3000 հոգի է պատվաստվել: Ըստ նախարարի ժ/պ-ի` 3000-ը փոքր ցուցանիշ է:
«Հանրային կերպով պատվաստվելն էլ հենց ուղղված էր սեփական օրինակով մարդկանց ցույց տալուն, որ սա անվտանգ, արդյունավետ, որակյալ միջոց է»,- շեշտել է նա:
Անահիտ Ավանեսյանը եւ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը օրեր առաջ պատվաստվեցին AstraZeneca-ով: Այս պատվաստանյութով կարող են պատվաստվել 18 տարեկանից բարձր բոլոր ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտաերկրացիները:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնն էլ հայտնել է, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 145-ով՝ հասնելով 217008-ի: Գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 10 դեպք:
Բուժվածների թիվն ավելացել է 717-ով եւ հասել 200472-ի:
Իրականացվել է 2585 թեստավորում, ընդհանուր թիվը՝ 993612:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 4149 է, եւս 1026 վարակակիր, ըստ առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Հայաստանում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 11361 մարդ։