Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է վերջին պատերազմի հետեւանքով Արցախի կրած վնասները։
Ըստ այդմ՝ Արցախի 228 համայնքներից 120-ն ընկել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արցախից տեղահանվել է շուրջ 110 հազար մարդ, իսկ հետպատերազմյան շրջանում տեղահանված 39 հազար մարդ նաեւ անօթեւան է եւ ունի կրթական, հոգեկան, առողջական եւ այլ կարիքներ:
«Բացի տեղահանվածներից՝ ունենք զոհված անձանց ընտանիքներ ու վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ, որոնք բոլորը տարբեր կարիքներ ունեն՝ եւ՛ սոցիալական բնույթի, եւ՛ առողջական»,- նշել է Բեգլարյանը:
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է նաեւ, որ Արցախի համախառն ներքին արդյունքը (որոշակի ժամանակահատվածում տվյալ երկրում արտադրված պատրաստի ապրանքների եւ ծառայությունների շուկայական արժեքը) 2019-ին կազմել է ավելի քան 342 միլիարդ դրամ, 2020-ին կորոնավիրուսային համավարակի եւ պատերազմի հետեւանքով նվազել է 22,4 տոկոսով՝ կազմելով 270, 9 մլրդ դրամ, իսկ 2021-ի համար կանխատեսվում է 224, 5 մլրդ դրամ, որը շուրջ 35 տոկոսով ցածր է 2019-ի ցուցանիշից։
Ըստ Բեգլարյանի՝ վնասների ու կարիքների գնահատման լրացուցիչ ուսումնասիրություններ են իրականացվում Արցախի կառավարության եւ տարբեր մասնագիտական խմբերի կողմից, որոնք ավելի պրոֆեսիոնալ կերպով զեկույցներով կամփոփեն եւ կներկայացնեն։