Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը իրանական ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ տարածաշրջանային երկրներն իրենց հավասարակշռված դիրքորոշմամբ կարող են ձեւավորել արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բարենպաստ միջավայր:
Միեւնույն ժամանակ դեսպանը շեշտել է, որ հակամարտության վերջնական եւ համապարփակ լուծման համար միջազգային մանդատ ունեն բանակցային գործընթացի շրջանակում հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ առաջարկներ արած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները:
Ըստ դեսպանի՝ միաժամանակ ներկա պայմաններում կարեւոր է Հայաստանի եւ Իրանի անվտանգությունը եւ տնտեսական զարգացումը ապահովող երկկողմ հարաբերությունների բոլոր բաղադրիչներն ակտիվացնելը:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել Հյուսիս-հարավ տրանսպորտային եւ էներգետիկ առանցքը, խորացնել գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցությունը, շեշտակիորեն խթանել առեւտրաշրջանառության աճը եւ զարկ տալ ներդրումային համատեղ ծրագրերին:
Ըստ դեսպանի՝ Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության եւ համագործակցության կամուրջ, որի հանդեպ որեւէ ոտնձգություն հակասում է երկու երկրների ազգային անվտանգությանը: Վերջին պատերազմից հետո, առավել քան երբեւէ, Երեւանում եւ Թեհրանում ձեւավորվել է ընդհանուր սպառնալիքների եւ շահերի գիտակցում:
Արտաշես Թումանյանը հավելել է, որ հենց այսօր էլ բազմաթիվ բարդ եւ խնդրահարույց հարցերի կարգավորման հարցում չափազանց օգտակար կլիներ Իրանի ակտիվ մասնակցությունը: Մասնավորապես ցանկալի կլիներ տեսնել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ Իրանի գործուն ազդեցությունը հայ ռազմագերիների ազատման հարցում:
«Անհրաժեշտ է համապարփակ ռազմավարական երկխոսություն, որի օրակարգում ներառված կլինեն ինչպես երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմնախնդիրների ամբողջ համալիրը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի լայն շրջանակը»,- ընդգծել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը: