44-օրյա պատերազմին մասնակցած, գլխի շրջանում բեկորային վնասվածք ստացած բժիշկ Հայկազ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին մեկնել է Վայքի, ապա Գորիսի անցակետեր՝ արցախցիներին օգնելու։
Բազմաթիվ արցախցիներ դրսում սպասում են հաշվառվելու, ապա ավտոբուսներով տեղափոխվելու իրենց հերթին։ Ոմանք արդեն օթեւան են գտել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի պետական շենքերում՝ ակումբներում, մշակույթի կենտրոններում։ Ոմանց էլ իրենց տներում հյուրընկալել են այդ մարզերի բնակիչները։ Այնուամենայնիվ, շատերը դեռ դրսում են՝ անօթեւան։
«Արցախից տեղափոխվածների հոսքը մեծ է։ Հատկապես Գորիսում մարդիկ շատ են։ Վրանները բավարար չեն, ուստի շատերը դրսում՝ բաց երկնքի տակ են քնում, եւ նրանք հիմա տաք վերմակների կարիք ունեն»,- պատմում է բժիշկը։
Վիրավորներն արդեն տեղափոխվել են բուժհաստատություններ, շտապ բուժօգնության աշխատակիցներն էլ տեղում աշխատում են, օգնում են մարդկանց, թեեւ դեղամիջոցների սակավություն կա։ Անցակետերում արցախցիներն առավելապես հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Բժիշկ Հարությունյանը որոշ քաղաքացիների է զննել, օգնել, դեղամիջոցներ առաջարկել։
Շրջափակման ընթացքում զրկանք, սով տեսած մարդիկ սեպտեմբերի 19-ից էլ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների ականատես են դարձել, շատերը մազապուրծ են փրկվել եւ դեռ սարսափի ու վախի մեջ են։ Ոմանք էլ հարազատների են կորցրել։ Չեն ուզում համակերպվել, հավատալ, որ այլեւս չեն վերադառնա Արցախ։
Հատկապես դեռահասների եւ միջին տարիքի տղամարդկանց հոգեբանական վիճակը շատ ծանր է։ Նրանք մասնագիտական օգնության կարիք ունեն։ Շատերը հուսալքված են․ «Է՛լ տուն չենք կառուցի։ Մի անգամ կառուցեցինք, ի՞նչ տեսանք․․․ Չվայելեցինք․ առանց Արցախի, անտուն եւ անհույս մնացինք»։
«Մի մարդու նկատեցի, որն անդադար ծխում էր։ Ասաց՝ առավոտից մինչեւ երեկո արդեն 5 տուփ ծխել է։ Մանուկների հետ էլ զրուցեցի, փորձեցի օգնել նրանց։ Այդ երեխաներն ասես ժամանակից շուտ մեծացել են․․․ Ե՛ւ մեծերի, ե՛ւ փոքրերի ամենամեծ կորուստը նյութական արժեքները չեն․ մարդիկ մղկտում էին Արցախի կորստի ցավից։ Հատկապես երեխաները չեն համակերպվում այն մտքի հետ, որ այլեւս չեն կարող վերադառնալ իրենց տուն։ Մարդիկ հուսալքված են ու կոտրված»,- ասում է բժիշկը։
Նա 44-օրյա պատերազմի ընթացքում է՛լ ավելի սարսափելի տեսարանների է ականատես եղել, երբ որպես զինվոր ու բժիշկ՝ մարտնչում էր դիրքերում, հետո՝ իր մասնագիտական առաքելությունը կատարում Արցախի հոսպիտալներում։ Բայց 2023-ի սեպտեմբերի 29-ին Սյունիքում տեսածը նրա համար ավելի ցավոտ է եղել, քան պատերազմի օրերի սահմռկեցուցիչ տեսարանները։ Մարդիկ 44-օրյա պատերազմի օրերին պայքարում էին, հավատում, որ պահելու են Արցախը, իսկ հիմա․․․
«Նույնիսկ այն օրերին ես այսքան հուսալքված դեմքեր չեմ տեսել, նրանց աչքերում այսպիսի ցավ չեմ տեսել։ Իմ հոգին էլ այն օրերին այնպես չի ցավել, ինչպես այդ օրը՝ Գորիսում բռնի տեղահանվածներին տեսնելիս։ Բայց հիմա պետք է ուժեղ լինենք, մեր ուժերի ներածին չափով աջակցենք միմյանց, որ եղածը պահենք։ Ադրբեջանի նկրտումների՝ Սյունիքից, Գեղարքունիքից, Արարատից տարածքներ պահանջելու, Երեւանն իրենցը համարելու մասին գիտենք։ Վերահաս վտանգը պիտի գիտակցենք եւ ամուր լինենք՝ պատրաստ պայքարելու»,- եզրափակեց բժիշկը։
Հրապարակման մեջ օգտագործված լուսանկարները տրամադրել է Հայկազ Հարությունյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։