Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ուղերձ է հղել՝ հույս հայտնելով, որ գեներալ Քասեմ Սոլեյմանիի ընտանիքը եւ Իրանի ժողովուրդը ներողամտաբար կվերաբերվեն մեծ աղմուկ հանած իր հարցազրույցում հանգուցյալ հրամանատարի հասցեին արված վիճահարույց մեկնաբանություններին:
Հեղափոխական գվարդիայի «Ալ-Քուդս» զորամիավորման հրամանատար գեներալ Սոլեյմանին սպանվել է նախորդ տարվա հունվարին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի տարածքում ամերիկյան անօդաչու սարքի արձակած հրթիռից:
Սոլեյմանին մեծ հեղինակություն է վայելել Իրանում, նրա մասին մշտապես հարգանքով եւ համակրանքով է խոսել երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին: Զոհվելուց հետո Սոլեյմանին ժողովրդական ընկալմամբ թշնամական ուժերի հետ պայքարում նահատակված հերոս է:
Վերջերս գաղտնազերծված զրույցում, որն, ըստ Իրանի ԱԳՆ-ի, հրապարակման ենթակա չէր, Զարիֆը քննադատել էր Սոլեյմանիին՝ պնդելով, որ գեներալը հաճախ է միջամտել արտաքին քաղաքականության հարցերում:
Բացի դրանից, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Զարիֆը նշել է, որ գեներալը դեմ էր միջուկային գործարքին եւ փորձել է ռուսների հետ գաղտնի խափանել Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունների հնարավոր կարգավորումը:
Իրանի իրավապահ մարմինները նախարարի ձայնագրության հրապարակման գործով հետաքննություն են սկսել: Աջակողմյան քաղաքական-կրոնական թեւը Իրանի արտգործնախարարին մեղադրում է դավաճանության եւ Սոլեյմանիին զրպարտելու մեջ: