Ադրբեջանը մերժում է Ղարաբաղում էթնիկ զտումների ցանկացած մեղադրանք: «Նրանք ազատ են լքել երկիրը կամ մնալ»,- «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիեւի դիվանագիտական խորհրդական Հիքմեթ Հաջիեւը: «Մենք առայժմ ձեռնպահ ենք մնում ադրբեջանական դրոշները ցուցադրելուց՝ իմանալով, որ դեռ կան խաղաղ բնակիչներ, եւ հասկանում ենք նրանց վախերը»,- հավելել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։
Բաքվում պնդում են, թե ԼՂ-ում անվտանգության ուժեր են տեղակայվել՝ պաշտպանելու համար որոշ օբյեկտներ, մասնավորապես՝ կրոնական վայրեր:
L’Express-ը գրում է, որ «մինչ Երեւանն ահազանգում է, որ Բաքուն մի շարք անօրինական ձերբակալություններ է իրականացրել ԼՂ-ում, իսկ բնակիչները հեռացել են՝ վախենալով ադրբեջանցիների դաժան հաշվեհարդարից, Բաքուն հերքում է՝ պնդելով, որ ձերբակալել է ընդամենը 5-6 պաշտոնյայի, որոնց մեղադրում է ռազմական հանցագործությունների համար՝ հավատացնելով, որ ոչ մի պատիժ չի կիրառել բանտարկյալների նկատմամբ: