Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին անդրադարձել է Արցախի շուրջ ձեւավորված սեպտեմբերյան վերջին դրամատիկ իրադարձություններին։ Նա այդ ամենը որակել է մեր շուրջը հասունացող «բարու եւ չարի առճակատում»:
Սաակաշվիլին անթաքույց գոհունակությամբ հայտարարել է, որ Ադրբեջանը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին։ Նա նշել է, որ Վարդանյանը, որին անվանում է «ռուս միլիարդատեր», ակտիվորեն աջակցում էր Ուկրաինայում ռուսական պատերազմին։
Անդրադառնալով Արցախի արտգործնախարար, նախագահի նախկին խորհրդական Դավիթ Բաբայանի ձերբակալությանը՝ ասել է, որ նա կապեր էր զարգացրել «այսպես կոչված Աբխազիայի Հանրապետության եւ Հարավային Օսեթիայի Հանրապետության» հետ:
«Այսօր (Վրաստանի) վերոնշյալ օկուպացված տարածքները կորցրել են իրենց գործընկերներին, քանի որ այսպես կոչված «Արցախը» հայտարարել է ինքնալուծարման մասին»,- եզրափակել է Սաակաշվիլին։