Ըստ գրողների միջազգային PEN ընկերակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հրապարակած «Գրելու ազատություն 2020» զեկույցի՝ Թուրքիան անազատության մեջ ամենաշատ մտավորականների պահող 3 երկրներից մեկն է աշխարհում:
Զեկույցի համաձայն՝ առաջին հորիզոնականում Չինաստանն է, որտեղ այժմ բանտարկված է 81 մտավորական: 32 ազատազրկված մտավորական ունի Սաուդյան Արաբիան: Երրորդ հորիզոնականը զբաղեցնող Թուրքիայում 25 խղճի բանտարկյալ կա:
Չորրորդ հորիզոնականում հայտնված Բելառուսի բանտերում պահվում է 19 մտավորական: Հնգյակը եզրափակում է Իրանը, որտեղ ազատազրկման է դատապարտված 18 մտավորական:
Զեկույցում նշվում է, որ նախորդ տարի Թուրքիայում հայտարարված համաներմամբ ազատ են արձակվել մի շարք քրեական հոդվածներով դատապարտվածներ, սակայն որեւէ քաղբանտարկյալ այդպես էլ ազատ չի արձակվել:
Միեւնույն ժամանակ «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» (IFJ) հրապարակած զեկույցից ակնհայտ է դառնում, որ 2021-ի մարտի դրությամբ 87 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիան ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է աշխարհում՝ 67 լրագրող: Ավելի քան 1,4 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանի բանտերում պահվում է 23 լրագրող, եւ 105 միլիոն բնակչություն ունեցող Եգիպտոսում՝ 20 լրագրող:
Եվրախորհրդի՝ Ազատազրկումների վերաբերյալ 2020-ի զեկույցում նշվել է, որ ԵԽ 47 երկրների շարքում Թուրքիան յուրաքանաչյուր 100 հազար բնակչին ընկնող բանտարկյալների թվով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: