Հոկտեմբերի 3-ին մեկնարկած ԱԺ նիստում քննարկվում է Հռոմի կանոնադրության վավերացման հարցը:
Ազգային ժողովում Հռոմի կանոնադրության վավերացման ծրագիրը ներկայացրել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա նշել է, որ վավերացման նպատակը հիմնականում միտված է Ադրբեջանի կամ նրա զինծառայողների գործած պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսելուն:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը պարզաբանել է, որ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո նախատեսում ենք իրավազորության հետադարձ ճանաչում՝ 2021 թվականի մայիսի 10-ից ի վեր։ Այսինքն՝ այդ ժամանակից ի վեր կատարված հանցագործությունները եւս ընկնելու են Դատարանի իրավազորության ներքո։
«Մեկ տարի առաջ սեպտեմբերին կատարված կոպտագույն հանցագործությունները, ինչու չէ նաեւ այսօր կատարվող, ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը եւս կարող են ընկնել Դատարանի իրավազորության ներքո»,- շեշտել է Կիրակոսյանը։
«Հուսով ենք, որ այս վավերացման քայլով այն կունենա էական կանխարգելիչ ազդեցություն ՀՀ տարածքում նման ծանր հանցագործությունների կատարումը բացառելու եւ կանխարգելելու նպատակով»,- ընդգծել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։