ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա» վերլուծական-լրատվական կայքի հիմնադիր Արսեն Խառատյանն անդրադարձել է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի «զեկույցին»։
Խառատյանը նշել է, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների՝ Արցախ այցելելուց հետո հրապարակած խուժան «զեկույցի» վերաբերյալ այս պահին Հայաստանը կարող է եւ պետք է առնվազն երկու բան անի.
- ԱԳՆ պետք է հրավիրվեն Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները, որոնց պետք է հստակ ասել, որ անթույլատրելի աղավաղված այդ տեքստն ու նման այցն անընդունելի է եւ կասկածի տակ է դնում կառույցի անաչառությունը։
- Ժնեւում եւ Նյու Յորքում մեր ներկայացուցչությունները իրենց մտահոգություններով համանման ելույթ-տեքստեր պետք է ներկայացնեն կենտրոնակայանին:
Արսեն Խառատյանը նշում է, որ զուգահեռաբար սարսափելի օրեր վերապրած մեր քաղաքացիների բանավոր եւ փաստական պատմությունները պետք է սկսել ակտիվորեն ներկայացնել միջազգային կառույցներում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության կառույցների եւ մամուլի միջոցներով:
«Հենց հիմա, այս պահին է գրվում արցախահայերի հայրենազրկման պատմությունը, եւ իրականությունը փաստագրել-ներկայացնելու գործում չպետք է ջանք խնայել, հակառակ պարագայում ադրբեջանական հերթական կեղծիքաշարն է գերակայելու»,- ընդգծել է Խառատյանը: