Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Էսքիշեհիրի մարտավարական օդուժի հրամանատարություն կատարած ստուգայցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող դրույթները եւ նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտողական պնդումներ պարունակող մտքեր։
Այնուհետեւ, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նա պնդել է, որ քաղաքական գործիչները չեն կարող պատմագիտությամբ զբաղվել:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ ամերիկացիների այս հայտարարությունը նշանակում է ժխտել սեփական պատմությունը, համաձայնագրերը, պայմանագրերը եւ վավերացումները:
ԱՄՆ ազգային արխիվի՝ 1914-1915 թվականների եւ 1920 թվականի զեկույցներից Աքարը մեջբերել է մի հատված, որտեղ, ըստ նրա, ամերիկացիներն ու անգլիացիները արձանագրել են. «Թուրքերը եւ հայերը 500 տարի միասին են ապրում, եթե մենք չխառնվենք եւ այդ կարգը չխախտենք, նրանք եւս 500 տարի միասին կապրեն»:
Թուրքիայի պաշտպանության նախարարն «անխոհեմ ու տգետ» է անվանել նրանց, ովքեր փորձում են «դեպքերը խեղաթյուրելով փոխել պատմությունը»: