Հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղ այցելած ՄԱԿ-ի առաքելությունը գլխավորող՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Վլադանկա Անդրեեւայի թվիթերյան գրառումներն ակնհայտ փաստում են կառույցի կողմնապահ վերաբերմունքի մասին:
«1990 թվականի հունվարի 20-ի ողբերգական իրադարձությունների 32-րդ տարելիցին ես միանում եմ ադրբեջանական ժողովրդին՝ ոգեկոչելու անկախության համար մղվող պայքարում զոհվածների հիշատակը»,- թվիթերյան իր գրառման մեջ 2022-ի հունվարի 20-ին նշել էր Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Վլադանկա Անդրեեւան։
Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարը չէր կարող չիմանալ, որ 1990 թվականի հունվարի 20-ին ադրբեջանական ժողովուրդը զոհեր էր տվել ոչ թե «անկախության համար մղվող պայքարում», ինչպես ինքն էր ձեւակերպել իր «սրտառուչ» ուղերձում, այլ Ադրբեջանում բնակվող հայերի՝ մի քանի օր տեւած զանգվածային սպանդի ժամանակ, երբ Բաքվում տեղակայված խորհրդային բանակը խորհրդային իշխանության դեմքը փրկելու մտահոգությունից դրդված Կենտրոնից հրահանգ ստացավ ցանկացած գնով վերջ դնել վերահսկողությունից դուրս եկած խուժանի՝ հայ համաքաղաքացիների նկատմամբ իրականացրած ոճրագործություններին: Ոճրագործություն, որը խրախուսում եւ հաճախ ծածուկ ուղղորդում էին տեղական ադրբեջանական իշխանությունները։
«Ես միանում եմ Ադրբեջանի ժողովրդի՝ ոգեկոչելու 30 տարի առաջ Խոջալուում կորցրած զոհերի հիշատակը։ Մենք պետք է ամեն ինչ անենք բոլորի համար ավելի խաղաղ եւ բարեկեցիկ աշխարհ ստեղծելու համար»,- 2022-ի փետրվարի 26-ի թվիթերյան իր գրառման մեջ դարձյալ կարեկցանքի խոսք է ասում ՄԱԿ-ի «անաչառ» ներկայացուցիչը՝ իր ցավակցությամբ փաստորեն հիմնավորելով ադրբեջանական պաշտոնական քարոզչության այն թեզը, ըստ որի՝ փորձ է արվում հայերին մեղադրելու 1992-ին Խոջալուի խաղաղ բնակչության կոտորածի մեջ։
Մինչդեռ Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարը հիանալի գիտի, որ նույնիսկ Ադրբեջանի (1989-1990) նախագահ Այազ Մութալիբովը 1992-ի մարտին խոստովանել է, թե «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», իսկ Աղդամի մոտ այդ ժամանակ բավարար ուժեր կային մարդկանց օգնության հասնելու համար։
Եվ Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար նշանակված նույն Վլադանկա Անդրեեւան է, որը հոկտեմբերի 1-ին ի պաշտոնե գլխավորեց Լեռնային Ղարաբաղ այցելած ՄԱԿ-ի առաքելությունը: Առաքելություն, որի կազմն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ բաղկացած էր Ռուսաստանի, Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի եւ Հունգարիայի ներկայացուցիչներից։ Անպայման չէ վերլուծաբան լինել, հասկանալու համար, որ դրանք հենց այն երկրներն են, որոնք ամենեւին շահագրգռված չեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման վերաբերյալ ապացույցների հաստատմամբ։
Ռոբ Մանուկյան