Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով, նշել է, որ ազատ մամուլ ունենալն իսկապես կարեւոր ձեռքբերում է եւ, իհարկե, ժողովրդավարության ցուցիչ:
Ըստ Թաթոյանի՝ լրագրողները պիտի ազատ ու պաշտպանված գործեն, իսկ կարծրատիպերը կարելի է կոտրել պրոֆեսիոնալ աշխատանքով։
Մարդու իրավունքների պաշտպանն անչափ կարեւորել է ազատ մամուլի դերը պետության քաղաքականության առաջնահերթությունների եւ հասարակական կարծիքի ձեւավորման, ինչպես նաեւ պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երաշխավորման հարցում:
«Մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում միայն ազատ ու պրոֆեսիոնալ մամուլը կարող է կարեւոր առաքելություն ունենալ խնդիրները հաղթահարելու գործում»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը։
Ազատ մամուլի (կամ մամուլի ազատության) համաշխարհային օրը հայտարարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ՝ 1993-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։ 1994-ից տոնվում է յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին։ 1997-ի մայիսի 3-ից սկսած՝ ամեն տարի ազատ տպագրության գործում ներդրում ունենալու համար տրվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի հատուկ մրցանակ։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948-ի դեկտեմբերի 10-ին ընդունված եւ հռչակված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում ազատ արտահայտվելու իրավունքը բնութագրվում է որպես «տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու եւ լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից»։