Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2700 մարդ է տեղափոխվել Շիրակի մարզ: Նրանց գերակշիռ մասը՝ 1710-ից ավելին, նախընտրել է ապրել Գյումրիում: Այստեղ մարդկանց տեղավորել են հյուրանոցներում, կացության պայմաններով ապահովված համայնքապատկան կառույցներում, շատերն էլ վարձով են ապրում:
Ասել, որ բնակարանների վարձավճարները քաղաքում կտրուկ բարձրացան, այնքան էլ ճիշտ չի լինի, քանի որ դրանք արդեն անողջամիտ էին: Թանկացման ալիքը սկսվել էր ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից, երբ ռուսների մեծ ներհոսք եղավ դեպի Գյումրի:
Մի քաղաքում, որտեղ «միջին խավն» աշխատում է սպասարկման եւ առեւտրի ոլորտում 50-60 հազար դրամից սկսած աշխատավարձով, որքանո՞վ է տրամաբանական, որ տան վարձավճարը սահմանվի 100-150 հազար դրամ եւ ավելին:
Արցախցիների ներհոսքով պայմանավորված արդեն թանկ գներն ավելի բարձրացան, բայց այստեղ էլ բնակարանների առքուվաճառքով եւ վարձակալությամբ զբաղվող գործակալությունների ախորժակը բացվեց. մինչեւ 50 տոկոս միջնորդավճար պահանջող ընկերություն էլ եղավ:
Գուցե հասարակական ճնշումներին տեղի տալով՝ օրերս Գյումրիում գործող գործակալություններից մեկը հայտարարեց, որ արցախահայության համար աշխատելու է առանց միջնորդավճարի: Բայց «զղջումը» ուշացած էր, կամ դա այնքան էլ զղջում չէր. համայնքներից շատերում նրանց ծառայություններից ընդհանրապես չօգտվեցին:
Ախուրյան համայնքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու, տեղավորելու հարցերով զբաղվող խմբի անդամ Արսեն Սարգսյանն ասում է՝ ո՛չ մի գործակալություն: Միայն համագործակցել են գյուղերի բնակիչների եւ վարչական ղեկավարների հետ: Համայնքում շուրջ 70 բնակարան են գտել, 288 մարդ տեղավորել տարբեր բնակավայրերում: Անհատույց բնակարան տրամադրողներ էլ են եղել, բայց հիմնականում օգտագործման համար ոչ պիտանի:
Վարձավճարները երբեմն, իրո՛ք, զարմացրել են. հեռավոր գյուղում մինչեւ 150 հազար դրամ են սահմանել: Թե որքան են թանկացել գյուղերի տների վարձավճարները, Արսենը չի կարող ասել, քանի որ մինչ այդ վարձով բնակարան չի էլ եղել․ «Ո՞վ պետք է գար Կարմրաքարում կամ Բենիամինում տուն վարձակալեր, ապրեր»:
Գյումրի քաղաքին ամենամոտ գյուղերից մեկում՝ Մայիսյանում, Արցախից բռնի տեղահանված երեքհոգանոց մեկ ընտանիք է հանգրվանել: Գյուղի վարչական ղեկավար Արգինա Բաղդասարյանն ասում է՝ եթե գան, 25 հոգու կարող են տեղավորել: Վարձով երկու բնակարան կա Մայիսյանում, որից մեկն ութ տարի բնակեցված չի եղել: Այստեղ նվազագույն պայմաններ չկան. սանհանգույցը դրսում է, ջրագծերն էլ վերանորոգման կարիք ունեն: Տանտերը, սակայն, դռները բացել, տան վարձն էլ 30 հազար դրամ է սահմանել: Արցախցիները եկել, չեն հավանել, հետ են գնացել:
«Գյուղի երկրորդ վարձով բնակարանի վարձավճարը 100 հազար դրամ են սահմանել, բայց շատ հարմարավետ է, տաք, լիարժեք կահավորված։ Եթե հաշվի առնենք, որ քաղաքից մեկ կիլոմետր է հեռու, վարձն այնքան էլ թանկ չէ»,- ասում է Բաղդասարյանը:
Արցախցիներին տեղավորող կամավորների խմբից «Ալիք Մեդիային» տեղեկացրին, որ ծայրահեղ տարբեր են մարդկանց մոտեցումները արցախցիներին տեղավորելու հարցում: Եղան մարդիկ, որոնք իրենց տներն անվարձ տրամադրեցին, ոմանք էլ մեկ օրում եռակի թանկացրին գինը:
Թե ռուսների համար սահմանված վարձավճարը որքանով է հասանելի արցախցիներին, դեռ հայտնի չէ, բայց որ այդ գնով անօթեւան գյումրեցին չի կարող տուն վարձակալել, անհերքելի է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։