Հնդկաստանում համավարակային իրավիճակը տագնապալի է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը միջազգային համայնքին խնդրել է օգնել Հնդկաստանին, որտեղ «սարսափելի կացություն է ստեղծվել»:
Փորձագետների կարծիքով Հնդկաստանի նման խիտ բնակեցված երկրում անվերահսկելի բռնկումը հսկայական սպառնալիք է ամբողջ աշխարհի համար: Իրավիճակը բարդացնում է կորոնավիրուսի նոր շտամը, որի հանդեպ պատվաստանյութերը թերեւս անզոր լինեն:
Միջազգային հանրությունը քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսային ծանր ճգնաժամի մեջ հայտնված Հնդկաստանին օգնելու համար: Տասնյակ երկրներ Հնդկաստան են ուղարկել մարդասիրական օգնություն՝ թթվածնի բալոններ, դիմակներ, հակավիրուսային դեղամիջոցներ եւ պատվաստանյութեր:
ԱՄՆ-ն եւս 100 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի կորոնավիրուսի համավարակի դեմ դժվարությամբ պայքարող Հնդկաստանին: Հնդկաստան կուղարկվի հազար բալոն թթվածին, 15 միլիոն դիմակ եւ 1 միլիոն արագ ախտորոշիչ թեստ:
Բացի դրանից՝ Միացյալ Նահանգները Հնդկաստանին կօգնի AstraZeneca տեսակի պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ արտադրելու հարցում:
Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել 22 տոննա մարդասիրական օգնություն, նաեւ դիմակներ եւ դեղամիջոցներ, իսկ առաջիկայում կուղարկի Sputnik V տեսակի պատվաստանյութի խմբաքանակ:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 20 միլիոնի, կորոնավիրուսից մահացել է շուրջ 219 հազար մարդ: Անցած մեկ օրում 3 հազար 417 մարդ է մահացել:
Նոր դեպքերի թիվն արդեն մի քանի օր է անցնում է 400 հազարը: Երկու շաբաթ շարունակ նոր վարակվածների թիվը օրական 300 հազար է: Մասնագետները ենթադրում են, որ առաջիկա երկու օրերին համավարակը գագաթնակետին կհասնի:
Հիվանդանոցները չեն հասցնում սպասարկել բոլոր ախտահարվածներին, ազատ մահճակալներ չկան, քանի որ հիվանդացածների թիվը ժամ առ ժամ ավելանում է: Դեղերը չեն բավականացնում, թեեւ Հնդկաստանը աշխարհում դեղերի խոշորագույն արտադրողներից է:
Ամենաբարդ խնդիրը թոքերի օդափոխման սարքերը թթվածնով հագեցնելն է: Հսկայական սեւ շուկա է ձեւավորվել, որտեղ թթվածնի բալոնները վաճառվում են 10-20 անգամ ավելի թանկ: