ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի՝ ՀՀ–ին միջազգային ուժեղ աջակցություն ցուցաբերելու մասին Երեւանում արած կոչին։
«Շարունակում ենք ուշիուշով հետեւել ստեղծված իրավիճակին։ Ակնհայտ է, որ իրավիճակը դեռ շատ, շատ լարված է։ Հիշում ենք, որ ճնշող մեծամասնությունը, թերեւս, գրեթե բոլոր էթնիկ հայերը, արդեն հեռացել են ԼՂ-ից։ Եվ կա մարդասիրական օգնության լուրջ խնդիր։ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերն ընդամենը մի քանի օր առաջ հենց այդ նպատակով էր այնտեղ»,- նշել է Քիրբին:
Պենտագոնի պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ը 11 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է ուղարկում։ «Կենտրոնացած ենք հումանիտար իրավիճակի վրա եւ անում ենք հնարավոր ամեն ինչ՝ տառապանքը մեղմելու համար, բայց նաեւ անշուշտ խրախուսում ենք Ադրբեջանին կատարել հրապարակավ հայտարարած իր պարտավորությունները»։