ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը Դիլիջանում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկմանը հայտնել է, որ ներկայում Հայաստանում է շուրջ 6300 արցախցի տեղահանված ընտանիք՝ 25 հազար քաղաքացի։
Վիրաբյանը նշել է, որ օպերատիվ շտաբի համար գերխնդիր է արցախցիներին ժամանակավոր կացարանների տրամադրումը եւ ժամանակավոր զբաղվածության ապահովումը՝ ընդգծելով ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում համախմբված ու միասնական աշխատանքի անհրաժեշտությունը։
Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էլ տեղեկացրել է, որ Արցախի գյուղական համայնքներում բնակվելու համար տեղահանվածներից արդեն 1500 դիմում է ստացվել։
Նախարարը նշել է, որ գյուղական համայնքներում նոր տներ ու բնակավայրեր կառուցելու ուղենիշ են ծառայում տեղահանված քաղաքացիներից հավաքված դիմումներն իրենց նախընտրած բնակավայրի վերաբերյալ։
Անդրադառնալով Արցախի եւ Հայաստանի կառավարությունների կողմից համատեղ իրագործված ֆինանսական ուղիղ աջակցության ծրագրերին՝ նախարարը վստահեցրել է, որ Արցախում տնտեսության վերականգնման հնարավորություն կտա նաեւ ներկայում գործող՝ 68-հազարական դրամի չափով 4-ամսյա աջակցության ծրագիրը, որի շահառու են արական սեռի բոլոր կենսաթոշակառուները եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները:
«Ճգնաժամային խնդիրների լուծումն, ըստ էության, տրված է 300-հազարական, 250-հազարական եւ 68-հազարական դրամի՝ գումարած 15-հազարական դրամի ֆինանսական ուղիղ աջակցությունների ծրագրերի միջոցով»,- հավելել է Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարը։