Արցախից բռնի տեղահանված եւ Շիրակի մարզում հաստատված անձանց թիվը հասավ շուրջ 3000-ի:
Մարզում հանգրվանածների մեծ մասը՝ շուրջ 1710-ը՝ 425 ընտանիք, նախընտրել է մնալ Գյումրիում:
Գյումրիից հետո արցախցիները նախընտրում են քաղաքին կից Ախուրյան խոշորացված համայնքը. այստեղ հաստատվել է շուրջ 70 ընտանիք՝ 315 անձ։
Արթիկ խոշորացված համայնքը հյուրընկալել է 280, Անին՝ 265, Աշոցքը՝ 250 տեղահանվածի:
Հեռավոր Ամասիան, որտեղ տարվա 8-9 ամիսը ձմեռ է, ապրելն անտանելի դժվար է, այստեղ ամենաքիչն են նախընտրել արցախցիները. շուրջ ութ տասնյակ:
Նշենք, որ Շիրակի մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տարհանված անձանց խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբեր են գործում բոլոր համայնքներում: Աշխատանքները համակարգում է Շիրակի մարզպետի աշխատակազմը՝ մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ: