«Համավարակի պատճառով յոթ ամիս Ուկրաինայում էի եւ չէի կարողանում վերադառնալ, անհամբեր սպասում էի՝ երբ են սահմանները բացելու, շատ էի կարոտել երկիրս։ Վերջապես եկավ այդ բաղձալի օրը, եւ սեպտեմբերի 25-ին եկա Հայաստան։ Որոշել էի մի երկու օր հանգստանալ, ընկերներիս հետ ժամանակ անցկացնել ու արդեն անցնել իմ սիրելի աշխատանքին՝ լուսանկարչությանը։ Բայց ինչպես ասում են՝ «շաբաթը ուրբաթից շուտ եկավ»․ սկսվեց պատերազմը։ Հենց առաջին օրը առանց երկմտելու կամավորագրվեցի»,- պատմում է Էդուարդ Առուստամյանը։
Երկու օր զանգ չստանալուց հետո Էդուարդը որոշել է ձեռքերը ծալած չնստել, ինչ-որ կերպ օգտակար լինել բանակին եւ միացել է «Ռոստելեկոմի» այգում գործունեություն սկսած կամավորական խմբին։ Օրուգիշեր անհրաժեշտ պարագաներ են հավաքել, ուղարկել առաջնագիծ։ Հոկտեմբերի 1-ին, երբ երեք անքուն գիշերներից հետո որոշել է գնալ տուն՝ մի փոքր հանգստանալու, զինկոմիսարիատից զանգել են։ Ընկերներին հրաժեշտ է տվել, իսկ ամենաբարդը եղել է լուրը ծնողներին հայտնելը։
«Հոկտեմբերի 2-ին գնացի զինկոմիսարիատ, կարծում էի՝ միանգամից առաջնագիծ կտանեն։ Բայց սկզբում տարան Հոկտեմբերյան. համազգեստ ստացանք, մեկ շաբաթ վերապատրաստվեցինք, որը շատ ճիշտ էր։ Այդ մեկ շաբաթվա ընթացքում տղաներով շատ մտերմացանք. բոլորը ամուսնացած էին, երեխաներ ունեին, ամենափոքրը ես էի։ Շատ մարտական էինք տրամադրված, գիտեինք՝ ուր ենք գնում, ինչի համար ենք գնում։ Անհամբեր սպասում էինք, թե երբ ենք գնալու առաջնագիծ։ Վերջապես եկան, ասացին, որ տեղափոխվում ենք, բայց՝ Սիսիան։ Անկեղծ ասած՝ շատ զարմացանք, ճիշտ է, Սիսիանում էլ դիրքեր կան, բայց իրավիճակն այնտեղ այդքան էլ վտանգավոր չէր»,- վերհիշում է Էդուարդը։
Քսան օր անցկացրել են Սիսիանում։ Թեեւ վտանգավոր չի եղել, բայց շատ զգոն են եղել, քանի որ հակառակորդից ամեն ինչ սպասելի էր։ Էդուարդը պատերազմի օրերին փորձել է դրականը տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ ուրախ պատմություններով ու նկարներով։
«Հատկապես շատ տարածվեց շան հետ քնած նկարս։ Մի փոքր Չալոյի մասին պատմեմ. մի ագամ պետք է գնայինք Սիսիան՝ մի քանի իր տեղափոխելու, նոր էինք շարժվել, տեսանք՝ Չալոն շնչակտուր վազում է մեր հետեւից, կանգնեցրինք մեքենան, նրան էլ տարանք մեզ հետ։ Շատ էինք կապվել հետը։ Միշտ ուշադրություն էինք դարձնում Չալոյի հաչոցներին, բայց երբեմն անիմաստ հաչում էր, տեսնում էինք՝ ընկել է կովերի ու խոզերի հետեւից: Բա որ քնում էր, ինչպես էր խռռացնում։ Որոշել էի տուն վերադառնալիս Չալոյին անպայման հետս բերել, մարտական ընկերներիցս մեկը՝ Կարենն էլ էր ուզում»,- ժպիտով պատմում է Էդուարդը։
Սիսիանում անցկացրած ժամանակ ավելի են մտերմացել կամավոր ընկերներով եւ որոշել են՝ ուր էլ իրենց տեղափոխեն, միասին պետք է գնան։ Օրերը, անկախ ամեն ինչից, ուրախ են անցել՝ կատակելով, երգելով, գետում լողալով։ Միայն ցուրտն է սաստիկ եղել, բայց դիմացել են: Երբ իրենց օգնություն են ցանկացել ուղարկել, խնդրել են, որ Արցախ ուղարկեն։ Մի գյուղացի պապիկ ամեն առավոտ թարմ կաթ է բերել իրենց, օգնել է, ինչով կարողացել է։ Էդուարդը բանեցրել է իր մասնագիտությունը, նկարել հիշարժան բոլոր պահերը։
«Մի օր էլ եկավ հրամանատարներից մեկն ու հարցրեց՝ ով է ցանկանում կամավոր գնալ Արցախ, բոլորս, իհարկե, միանգամից ասացինք, որ ուզում ենք, բայց պարզվեց, որ երեքը պետք է գնային։ Ես ասացի, որ շատ եմ ուզում, բայց Կարենը, որ նույնպես մտադրություն ուներ Չալոյին տուն տանելու, չթողեց ինձ գնալ: Շատ նեղվեցի։ Այդպես Կարենը եւ մեր երկու ընկերները գնացին Արցախ։ Երկու օր անց՝ առավոտյան, արթնանում եմ եւ տեսնում տխուր դեմքեր․ պարզվում է՝ Կարենը թշնամու դեմ կռվում զոհվել է։ Անասելի մեծ ցավ էր եւ կորուստ, անգամ Չալոն էր տխրել, հասկանո՞ւմ եք՝ ես կարող էի լինել իր փոխարեն։ Դրանից երկու օր անց տեղափոխվեցինք Սիսիանի զորամասերից մեկը, որտեղից մեզ երեք օրով արձակուրդ ուղարկեցին։ Իսկ Չալոյին թողեցի պապիկի մոտ՝ խոստանալով, որ մի օր կվերադառնամ եւ կտանեմ»,- ցավով հիշում է մեր զրուցակիցը։
Եռօրյա արձակուրդի ընթացքում ֆեյսբուքյան էջին մի աղջիկ՝ Ռիմա անունով, հաղորդագրություն է ուղարկել՝ խնդրելով հանդիպել, եւ Էդուարդին է փոխանցել Էջմիածնում օրհնված երեսուն խաչ։ Արձակուրդից տղաների մեծ մասը չի վերադարձել։ Իսկ վերադարձողներին տեղափոխել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղ։
«Իհարկե, գիտակցում էինք, որ շատ ավելի վտանգավոր տեղ ենք գնում, ավելի մտամոլոր էինք դարձել, ծանր մթնոլորտ էր ստեղծվել, վախ կար, որ հնարավոր է հենց ճանապարհին արկերով հարվածեն մեր մեքենային, որը շատ հաճախ էր լինում։ Դավիթ Բեկ հասնելուն պես հակառակորդը սկսեց կրակել, անմիջապես փորձեցինք թաքստոց գտնել, առաջին անգամ էի նման բան տեսնում, առաջին անգամ էր ինձնից ընդամենը քսան մետր հեռավորության վրա արկ պայթում։ Զինվորները կհասկանան այդ ապրումները, ամեն կրակոցի հետ մտածում ես՝ վերջդ եկավ։ Այդ պահին ով հանդիպում էր, օրհնված խաչերից էի տալիս նրան։ Աստված մեզ հետ էր, ընդհանուր առմամբ քիչ կորուստներ ունեցանք Դավիթ Բեկում»,- պատմում է Էդուարդը։
Դավիթ Բեկում վտանգը շատ մեծ է եղել, ամեն վայրկյան զենքը ձեռքներին է եղել, եւ այդ ճնշող մթնոլորտը փորձել են ասել-խոսելով, կատակներով հաղթահարել։ Տղաներից մեկը՝ Գոռը, շատ համեղ ճաշեր է պատրաստել, մեկ ուրիշը փայտ է կոտրել, մի քանիսը դիրքն են հսկել, այդպես են անցել օրերը։
«Մի օր էլ հսկելու իմ ժամն էր, տղաներից մեկը սնիկերսներ բերեց, ամեն մեկի վրա մի նամակ էր գրված, ժպիտով կարդում էի։ Այդ պահին կողքիս փամփուշտներ կային, որոշեցի դրանց վրա աղջկա անուններ գրել եւ դնել էջում։ Մի քանի օր չկարողացա մտնել ֆեյսբուք, երբ մտա, ապշեցի արձագանքից։ Շատերը շնորհակալություն էին հայտնել, մի մասը գրել էր, որ իր անունն էլ գրեմ։ Եվ այդպես, երբ հինգ րոպե ժամանակ էի ունենում, անուններ էի գրում ու դնում էջում։ Մոտավորապես երկու հարյուրից ավելի անուն եմ գրել, ուրախ եմ, որ գոնե այդպես կարողանում էի ժպիտ պարգեւել»,- վերհիշում է մեր զրուցակիցը։
Էդուարդը Դավիթ Բեկում մոտ մեկ ամիս է ծառայել, դեկտեմբերի 15-ին տեղափոխվել է Գորիս, այնուհետեւ՝ Սիսիան եւ վերջապես վերադարձել է տուն՝ չհավատալով, որ կգա այդ օրը։
«Այս քառասունչորս օրվա ընթացքում ես ավելի շատ բան տեսա, քան երկու տարի բանակում։ Առաջին անգամ էի պատերազմի մասնակցում, առաջին անգամ էի դիակներ տեսնում, առաջին անգամ էի տեսնում, թե ինչպես են ընկերներս իրենց կյանքը նվիրում հայրենիքին։ Կյանքն ինձ համար շարունակվում է, նույնիսկ եթե վերադառնայի առանց ձեռքի, առանց ոտքի, վիրավոր, ես շարունակելու էի ապրել, ես տեսակով այդպիսինն եմ։ Պետք է ապրել՝ հիշելով մեր լույս տղերքին. ցավը պետք է հաղթահարենք»,- զրույցը եզրափակում է Էդուարդ Առուստամյանը։