Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Եվրամիության ներսում եւ ԵՄ-ից դուրս ճամփորդական սահմանափակումները մեղմելու ծրագիր:
Եվրամիության երկրներ մուտք կունենան այն օտարերկրացիները, որոնց երկրներում բարենպաստ իրավիճակ է, կամ որոնք պատվաստվել են, բայց միայն ԵՄ-ի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած պատվաստանյութերով: Այդ ցանկում ռուսական կամ չինական պատվաստանյութ ներառված չէ:
ԵՄ առանձին երկրներ իրավունք կունենան անհրաժեշտության դեպքում ինքնուրույն փակելու սահմանը:
Եվրահանձնաժողովի ծրագիրը դեռ պետք է հաստատեն ԵՄ անդամ երկրները: Առաջին քննարկումը տեղի կունենա չորեքշաբթի:
Գործող սահմանափակումների համաձայն՝ միայն 7 երկրից, որոնց թվում՝ Ավստրալիայից եւ Սինգապուրից, օտարերկրյա քաղաքացիները կարող են ժամանել ԵՄ՝ անկախ կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելուց, սակայն նրանք պետք է թեստ հանձնած լինեն եւ կարանտին անցնեն:
Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտնել է, որ կառավարությունն ընդունել է կորոնավիրուսից ապաքինվածների եւ պատվաստվածների համար կարանտինը մեղմացնելու նախագիծ, որը կներկայացվի Բունդեսթագի եւ Բունդեսրաթի (Դաշնային խորհրդի) վավերացմանը:
Ըստ Bild թերթի՝ նախագծի ընդունման դեպքում կորոնավիրուսից ապաքինվածները եւ պատվաստվածները կկարողանան շփվել առանց սահմանափակումների: Նրանք ստիպված չեն լինի կարանտին անցնել բարձր ռիսկայնությամբ երկրներից ժամանելիս: Հաստատություններ եւ խանութներ այցելելիս էլ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի:
Ի տարբերություն Եվրոպայի՝ ասիական շատ երկրներում շարունակվում են հակահամավարակային խստացումները: Քուվեյթի կառավարությունը որոշել է մայիսի 22-ից կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիներին արգելել երկրից դուրս գալ: Բացառություն կկազմեն այն տարիքային խմբերը, որոնք պատվաստման ենթակա չեն:
Օտարերկրյա քաղաքացիների՝ Քուվեյթ մուտքի արգելքը դեռեւս ուժի մեջ է:
Քուվեյթի առողջապահության նախարարության տվյալներով երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 276 հազար դեպք, մահացել է 1578 մարդ: