ՌԴ մշակութային, գիտական եւ կրթական 22 գործիչներ բաց նամակ են գրել հաջակցություն գործարար եւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է ադրբեջանական կողմից, երբ փորձել է Հայաստան անցնել Հագարիի կամրջով։
Բաց նամակի հեղինակները նշում են, որ Վարդանյանը միշտ հանդես է եկել ընդդեմ բռնության եւ հօգուտ իրավահավասար պայմաններում երկխոսության նույնիսկ այն դեպքերում, երբ թշնամանքն անհաղթահարելի է թվացել։ «Մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են նպաստել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։ Կոչ ենք անում նրան հնարավորություն տալ միանալու իր ընտանիքին ու վերադառնալու ստեղծարար աշխատանքի՝ ի շահ մարդկության»,- նշված է բաց նամակում։
Ընդհանուր առմամբ, բաց նամակի տակ ստորագրել են 22 ռուս գործիչներ։ Նրանց թվում են ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ Մոսկվայի կառավարման դպրոցի տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, գրողներ Եվգենի Վոդոլազկինը եւ Ալլա Գերբերը, գործարարներ Միխայիլ Կուսնիրովիչը եւ Մարկ Կուրցերը, ռեժիսորներ Պավել Լունգինը եւ Ալեքսանդր Սոկուրովը, Նատալյա Սոլժենիցինան, «Վերա» հիմնադրամի հիմնադիր Նյուտա Ֆեդերմեսսերը, պարուսույց Բորիս Էյֆմանը, Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի նախկին տնօրեն Մարինա Լոշակը, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը եւ այլ գործիչներ։